News

Քանդակագործության երրորդ միջազգային սիմպոզիումը կրում է «Խաղաղություն Արցախին» խորագիրը

Featured 2014-07-14

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ Շուշիում մեկնարկել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում զինադադարի հաստատման 20-ամյակին նվիրված և «Խաղաղություն Արցախին» խորագիրը կրող «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության երրորդ միջազգային սիմպոզիումը:
Արդեն ավանդական դարձած Շուշիի սիմպոզիումը միջազգային համագործակցության, մշակութային ու մասնագիտական երկխոսության և ստեղծագործական ոգեշնչման հարթակ է արվեստագետների համար: Քանդակագործության երրորդ միջազգային սիմպոզիումին մասնակցում են մեկ տասնյակից ավելի քանդակագործներ ու արվեստաբաններ Իտալիայից, Շվեյցարիայից, Հնդկաստանից, Բելոռուսից, Հայաստանից ու Արցախից:
 
Սիմպոզիումի բացման արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 11-ին Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանում: Միջոցառմանը ներկա էր ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
 
«Փխրուն խաղաղության 20 տարիներն արցախցիներն ապրել են` պատերազմի հետևանքով ավերված քաղաքներն ու գյուղերը վերաշինելով, նորից հոգի ու շունչ ներարկելով նրանց: Եվ բոլոր նրանք, ովքեր գալիս են Արցախ` արարելու, նպաստում են Արցախում և տարածաշրջանում խաղաղության կայունացմանը: Քանդակագործության սիմպոզիումն առիթ է` գեղեցիկ արվեստի շուրջ համախմբելու մեր հին ու նոր բարեկամներին, ստեղծելու արվեստի գործեր, որոնք պիտի Շուշիի մշակութային նոր կերպարի մաս կազմեն և հիշեցնեն գեղեցիկի ու հոգևորի հավերժության մասին»,- ողջունելով սիմպոզիումի մասնակիցներին, նշել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:
 
ԼՂՀ նախագահի խորհրդական, «Ապագա սերունդների հիմնադրամ»-ի նախագահ Գրիգորի Գաբրիելյանցը, ով սիմպոզիումի կազմակերպման աջակիցներից է, միջոցառման մասնակիցներին է ներկայացրել «Քանդակների պուրակ»-ի նախագիծը: Նա հայտնել է, որ Կերպարվեստի պետական թանգարանի հարակից տարածքում կկառուցվի պուրակ, որտեղ և կտեղադրվեն սիմպոզիումի շրջանակներում ստեղծվող քանդակները:
 
Արդեն երկրորդ անգամ Շուշիի քանդակագործության միջազգային սիմպոզիումի պատվավոր հյուրն է Ֆլորենցիայի Գեղեցիկ արվեստների ակադեմիայի Գեղարվեստի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ռոբերտո Ջովանելլին: Սիմպոզիումի օրերին նա հանդես կգա դասախոսություններով արցախցի ուսանողների համար:
 
Անվանի շուշեցի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի անունը կրող Քանդակագործության միջազգային սիմպոզիումը առաջին անգամ Շուշիում կազմակերպվել է 2011 թվականին: Նախաձեռնության հեղինակն է Ֆլորենցիայում բնակվող հայ քանդակագործ Վիգեն Ավետիսը: 
 
Սիմպոզիումի կազմակերպիչն է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը: «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության երրորդ միջազգային սիմպոզիումի աջակիցներն են ԼՂՀ Ազգային Ժողովը, ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը, Շուշիի շրջվարչակազմը, ՀՀ կենտրոնական բանկը և մի քանի ընկերություն:
 
Սիմպոզիումը կշարունակվի մինչև հուլիսի 30-ը:
 
Աղբյուրը՝ www.panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.