News

Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում անվանի կինոգործիչները վարպետության դասեր կանցկացնեն

Featured 2014-07-08

«Ոսկե ծիրան» փառատոնի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում անցկացվելու են վարպետության դասեր:
Հուլիսի 14-ին օպերատորական արվեստի վերաբերյալ վարպետության դաս կանցկացնի ավստրիացի կինեմատոգրաֆ, վաստակաշատ օպերատոր Քրիստիան Բերգերը:
 
Հուլիսի 15-ինռեժիսորական արվեստի մասին դաս կանցկացնի չինացի հռչակավոր ռեժիսոր Ցզյա Չժան-կեն: 
 
Հուլիսի 17-ին վարպետության դաս կանցկացնի անվանի կինոգետ, Նյու Յորքի կինոփառատոնի նախկին տնօրեն Ռիչարդ Պենյան: Դասախոսությունը վերնագրված է «Աֆրո-ամերիկյան անկախ կինոյի սկզբնավորումը»:
 
Հուլիսի 18-ին սցենարական արվեստի գաղտնիքները ներկայացնող վարպետության դաս կանցկացնի գրող, վիպասան, սցենարի հեղինակ և գրական թարգմանիչ Պետրոս Մարկարիսը (Հունաստան), իսկ հուլիսի 19-ին դերասանական արվեստի վերաբերյալ վարպետության դաս կանցկացնի ֆրանսիացի անվանի դերասանուհի Աննա Մուգլալիսը:
 
Վարպետության բոլոր դասերը տեղի կունենան «Նաիրի» կինոթատրոնում: Սկիզբը՝ ժ. 15:00: «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում իրականացվող վարպետության բոլոր դասերի մուտքն ազատ է:
 
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային փառատոնն անցկացվելու է հուլիսի 13-20-ը: Փառատոնն այս տարի նվիրվում է Սերգեյ Փարաջանովի հիշատակին՝ ի պատիվ մեծանուն արվեստագետի 90-ամյա հոբելյանի: Փառատոնը մեկնարկելու է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի վերականգնված տարբերակի ցուցադրությամբ: Փառատոնի փակման ֆիլմն է ֆրանսիացի աշխարհահռչակ ռեժիսոր Ժան- Լյուք Գոդարի «Հրաժեշտ լեզվին» (Goodbye to Language) Կաննի մրցանակակիր ֆիլմը:
 
Աղբյուրը՝ www.panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.