News

XVI-XX դարերի արևմտաեվրոպական գրաֆիկան կցուցադրվի Հայաստանի Ազգային պատկերասրահում

Featured 2014-07-07

Հայաստանի Ազգային պատկերասրահի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին պատկերասրահում առաջին անգամ բացվելու է ցուցահանդես, որտեղ ներկայացված է լինելու XVI-XX դարերի արևմտաեվրոպական գծանկարը, կավճանկարը, ջրանկարը, գուաշը, ավելի քան 100 ստեղծագործություն: Այն հնարավորություն է տալիս հանդիսատեսին անմիջականորեն տեսնելու և ըստ արժանվույն գնահատելու XVI-XX դարերի եվրոպական վարպետների բարձր արվեստը:
Ներկայացված են հետևյալ երկրները՝ Իտալիա, Հոլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռումինիա, Ավստրիա, Անգլիա, Բելգիա, Էստոնիա, Լատվիա, Լեհաստան, Շվեյցարիա: Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև նոյեմբերի 11-ը:
 
Արևմտաեվրոպական  գրաֆիկայի (գծանկար, կավճանկար, ջրանկար, գուաշ) հավաքածուն ձևավորվել է տասնամյակների ընթացքում` սկսած 1921 թվականին Հայաստանի պետական կենտրոնական թանգարանի (ՀՊԿԹ) հիմնադրումից: Վերջին համալրումները վերաբերում են 2005 թվականին: Հավաքածուի ձևավորման գործում անգնահատելի օգնություն են ցուցաբերել Պետական Էրմիտաժն ու Պետական թանգարանային ֆոնդը, որտեղից 1930 և 1932 թվականներին ՀՊԿԹ փոխանցվել են գծանկարներ, որոնք կազմել են այս ոչ մեծ հավաքածուի հիմքը:
 
Այդ ճանապարհով ձեռք բերված բազմաթիվ գծանկարներ սերում են բավականին հայտնի եվրոպական և ռուսական հավաքածուներից` Կ. Կոբենցլի, Ի. Բեցկոյի, Ա. Բյորդելեի, Վ. Արղության-Երկայնաբազուկի և այլոց: Հավաքածուի համալրման այլ աղբյուր են արտասահմանցի հայազգի հավաքածուատերերի ու արվեստասերների նվիրատվությունները, ինչպես նաև թանգարանի ձեռքբերումները: Մի շարք ստեղծագործություններ հեղինակներն անձամբ են նվիրել թանգարանին:
 
Եվրոպական գծանկարն ունի շուրջ յոթ հարյուր տարվա պատմություն: Այդ ժամանակահատվածում բազմիցս փոխվել են նրա բնույթը, տեխնոլոգիական միջոցները, խնդիրները, նաև` հարաբերությունը կերպարվեստի այլ տեսակների հետ:
 
Ամենավաղ գծանկարները այժմյան ըմբռնմամբ վերաբերվում են XV դարին: Համաձայն ընդունված կարծիքի` եվրոպական գծանկարը ծնունդ է առել Իտալիայում, իսկ ձևավորվել ու ծաղկում է ապրել Վերածննդի ժամանակաշրջանում, երբ արվեստում տեղի ունեցան նոր փոփոխություններ` պայմանավորված ժամանակի նվաճումներով: Գծանկարը դարձավ արվեստի առանձին տեսակ և լիապես դրսևվորվեց իր ողջ բազմազանությամբ: Ասվածը հատկապես ակնառու է Բարձր Վերածննդի նկարիչների` Իտալիայում` Լեոնարդո դա Վինչիի, Գերմանիայում` Ալբրեխտ Դյուրերի արվեստում:
 
Հայաստանի Ազգային պատկերասրահի հավաքածուում չկան XV դարի նկարիչների ստեղծագործություններ, իսկ XVI-XX դարերը ներկայացված են 200-ից ավելի աշխատանքներով, որոնցում մասամբ արտացոլված են նշված ժամանակաշրջանի եվրոպական տարբեր գեղարվեստական դպրոցների գրաֆիկայի առանձնահատկությունները: Հավաքածուում ոչ բոլոր դպրոցներն են ներկայացված համարժեք: Առավել ընդգրկուն են իտալականը, հոլանդականը, ֆրանսիականը, գերմանականը և ռումինականը: Իսկ Ավստրիան, Անգլիան, Բելգիան, Էստոնիան, Լատվիան, Լեհաստանը, Շվեյցարիան ներկայացված են մեկ կամ ավելի նմուշներով:
 
Աղբյուրը` Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.