News

Հայկական մշակույթը ներկայացվելու է Իսրայելում

Featured 2014-07-05

ՀՀ Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ 2014 թ. հուլիսի 7-14-ը երկկողմ միջպետական համաձայնագրերով և Երուսաղեմի սփյուռքի նախարար Նաֆթալի Բենեթի հրավերով Իսրայելում կկայանան հայ մշակույթի օրեր:
Մշակույթի օրերի ծրագրով նախատեսվում են «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթի, «Կադանս» երաժշտական անսամբլի, Ինգա և Անուշ Արշակյանների համերգները Թել Ավիվում և Հայֆայում, նաև կբացվի հայ պատմամշակութային ժառանգությանը նվիրված լուսանկարչական և ձեռագործ աշխատանքների (բատիկա) ցուցահանդեսը:
 
Մշակույթի օրերի ընթացքում «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթը Իսրայելի Կարմիել քաղաքում կմասնակցի միջազգային փառատոնի:
 
Այցի ընթացքում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Իսրայելի Կնեսետի խոսնակ Իոել Էդելշտեյնի, Կնեսետի պատգամավորների, Իսրայելի արտաքին գործերի նախարարի տեղակալի, Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Լիմոր Լիվնատի, Թել Ավիվի և Նազարեթի քաղաքապետերի հետ:
 
Պաշտոնական հանդիպումներին կմասնակցեն նաև Իսրայելում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը (նստավայրը` Կահիրե) և Իսրայելում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Ցոլակ Մոմջյանը:
 
Նախատեսվում է այցելություն Երուսաղեմի Հայոց պատրիարքարան և հանդիպում հայ համայնքի հետ: Հանդիպումների ժամանակ կքննարկվեն հայ-իսրայելական մշակութային համագործակցության ապագա ծրագրերը, կնախանշվեն ոլորտային համագործակցության նոր ուղղությունները և կհստակեցվեն 2015 թ. երկկողմ համագործակցության ծրագրերը:
 
Աղբյուրը՝ www.tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.