News

Այսօր 2011թ. մարտի 11-ի Ճապոնիայի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է

Featured 2013-03-11

Այսօր Ճապոնիայում կհարգեն 2011թ. մարտի 11-ի երկրաշարժի զոհերի հիշատակը, և այդ նպատակով կանցկացվեն սգո արարողություններ:

Տոկիոյի դահլիճներից մեկում տեղի կունենա միջոցառում, որի ընթացքում կհայտարարվի Լռության րոպե` տեղի ժամանակով ժ. 14:46-ին (Երևանի ժամանակով` 09:46): Միջոցառմանը մասնակցելու են Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և կառավարության բոլոր անդամները: 

Անցյալ շաբաթվա ընթացքում Ճապոնիան արդեն հիշել էր ազգային ողբերգությունը: Հիմնական խնդիրներից է ավերված ենթակառույցի դանդաղ վերականգնումը և բնակչության արտագաղթը: Տարերային աղետից հետո ամենից ավելի տուժած երեք նահանգներ` Միյագին, Ֆուկուսիման և Իվատեն, լքել են 72 հազար մարդ:
 
Տուժած թաղամասերի մի շարք դպրոցներում ավարտական միջոցառումներ են տեղի ունեցել, որտեղ հետմահու ավարտական վկայական են շնորհել 2011թ.  ցունամիի զոհ դարձած տասներորդ դասարանցիներին:
 
Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող Ռիկուձենտակատա քաղաքում հանդիսավորությամբ հուշատախտակ են տեղադրել «հույսի ծառին»` հսկա կաղնուն, որը հրաշքով կանգուն էր մնացել ցունամիի ալիքի հարվածից հետո և միլիոնավոր ճապոնացիների համար դարձել  երկրի վերականգնման խորհրդանիշ: Ցավոք, 27 մ-անոց ծառը չորացել էր և ցանկացած պահի կարող էր տապալվել, այդ պատճառով էլ տեղի բնակիչները վճռել էին այն փոխարինել պատճենով:
 
Խաղաղ օվկիանոսի հյուսիսարևելյան ափին գտնվող ճապոնական հիմնական Հոնսյու կղզում 9,0 մագնիտուդ ուժգնությամբ ստրոգետնյա ցնցումը հանգեցրել էր բազմաթիվ ավերածությունների և առաջացրել ցունամիի ալիք, որի բարձրությունը հասել էր 40 մ: Աղետը ոչնչացրել էր ամբողջական քաղաքներ, նաև վթար առաջացրել «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում, որն իր հերթին հանգեցրել էր  հսկայական տարածքների աղտոտվածության ռադիոկատիվ նյութերով: Ըստ վերջին տվյալների` ողբերգության զոհ էր դարձել 15881 մարդ: ևս 2668 մարդ մինչ այժմ համարվում են անհետ կորած:
 
Աղբյուրը` news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.