News

Մարտիրոս Սարյանի ծննդյան օրը իր դռները կբացի նաև տուն-թանգարանը

Featured 2014-06-30

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը մեծ ուրախությամբ հայտնում է, որ 2015 թվականաի փետրվարի 28-ին՝ 20-րդ դարի մեծագույն նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրը (135-ամյակ), տուն-թանգարան իր դռները կրկին կբացի:
Հիշեցնենք, որ 2013 թ. հուլիսի 1-ից Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը չի գործում. մշակութային օջախը հիմնանորոգվում է:
 
Շինարարության առաջին փուլը, ըստ Ռ. Սարյանի, կավարտվի մոտակա շաբաթների ընթացքում, որից հետո արդեն կսկսվեն ներքին հարդարման՝ դիզայներական աշխատանքները:
 
Հիմնանորոգումից հետո թանգարանը լինելու է չորս հարկ՝ նախկին երեք հարկի փոխարեն: Չորրորդ հարկի դահլիճն օգտագործվելու է և միջոցառումների, և ժամանակավոր ցուցադրությունների, և համերգների կազմակերպման համար:
 
«Ամեն ինչ ընթանում է ըստ նախագծի: Ունենք տարհանման աստիճանավանդակ, հաշմանդամների համար բոլոր հարմարությունները, թեքահարթակներ, վերելակ, նաև՝ հարմարավետ աշխատասենյակներ, պահոց, ձմեռային համակարգ (ջեռուցում, օդափոխություն, օդորակում)»,- ասաց տուն-թանգարանի տնօրենը՝ հավելելով, որ հիմնական խնդիրները լուծված են, մնում է Սարյանի ապրած տան մասի վերանորոգումը:
 
Տուն-թանգարանի վերաբացումը նշանավորվելու է նոր ցուցադրությամբ: 
 
«Իհարկե, ներկայացվելու են մեր հավաքածուի աշխատանքները, բայց նոր մատուցմամբ, արդիական միջոցներով, աուդիոգիդով»,- նշեց Ռ. Սարյանը:
 
Մ. Սարյան տուն-թանգարանի ամբողջ հավաքածուն թանգարանի շենքի հիմնարար վերանորոգման աշխատանքների հետ կապված, հանձնված է Մատենադարանին ի պահպանություն:
 
«Շատ ուրախ եմ, որ Երևանը կառուցվում է և վերածվում մայրաքաղաքի։ Ես նույնպես երազում եմ կառուցել մի տնակ ու արվեստանոց, նույնիսկ մի առանձին փոքրիկ պատկերասրահ իմ գործերի համար»։ Իր ապագա տան մասին այսպես է գրել մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը դեռևս 1927 թվականին՝ Ռուբեն Դրամբյանին ուղղված իր նամակներից մեկում:
 
Այդ տարիներին դա թվում էր անիրագործելի երազանք։ Սակայն Սարյանն այն բացառիկ ռոմանտիկներից էր, որոնք ի վիճակի էին կյանքի կոչել մեկը մյուսից ավելի խիզախ ծրագրեր։
 
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967թ. նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք:
 
Աղբյուրը՝ www.panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.