News

Կույրերի համար թրթռուն հագուստ է ստեղծվել

Featured 2014-06-19

Նյու-Յորքում գիտնականները ստեղծել են հատուկ բարձր տեխնոլոգիական հագուստ, որն ապահովում է տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդկանց տեղաշարժը: Հատուկ տվիչներով սարքը իր շրջակայքում հայտնաբերում է խոչնդոտները և թրթռման միջոցով տեղեկացնում օգտատիրոջը:
"Eyeronman" անունը ստացած սարքը կարող է ոչ միայն կույրերի, այլ նաև` հրշեջների, զինվորների և այլ մասնագետների համար օգտակար լինել:
 
Պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած մարդիկ, վերջույթների կորստի դեպքում, կառավարությունից թանկարժեք պրոթեզներ են ստանում, մինչ կուրացած վետերանները ստիպված են միայն ձեռնափայտով բավարարվել, հիշեցրել է ընկերության հիմնադիր և գլխավոր բժշկական խորհրդատու, Նյու-Յորքի համալսարանի բժիշկ, դոկտոր Ջեյ Ռիցցոն: 15 տարեկանում նրա մոտ խորիոդերեմիա է ախտորոշվել: Դա հազվադեպ պատահող` ցանցաթաղանթի դեգեներատիվ հիվանդություն է, որի արդյունքում տեսողության աննահանջ կորուստ է գրանցվում. հիմա Ռիցցոն գրեթե ոչինչ չի տեսնում: Բժիշկը համոզված է, որ կույր մարդիկ պետք է առավել զարգացած սենսորային պրոթեզներ կրելու հնարավորություն ունենան:
 
"Eyeronman"-ը բազմաթիվ սարքերով «հարստացված» շապիկ է` տվիչներ, ինքնագնաց ավտոմեքենաների համար կիրառվող լազերի հիմքով ստեղծված համակարգի` «լիդարի» ճառագայթիչներ, էխոլոկացիայի նպատակով չղջիկների և այլ կենդանիների կողմից կիրառվող ուլտրաձային թողարկիչներ և որսի հայտնաբերման համար բոժոժավոր օձերի կողմից կիրառվող էլեկտրամագնիսային ճառագայթման տեսակներից մեկը թողարկող համակարգեր:
 
Համակարգը հիշյալ տվիչներից ստացված ազդանշանը էլեկտրականապես ակտիվ պոլիմերներից պատրաստված հագուստի վիբրացիա է առաջացնում: Օրինակ` եթե խոչընդոտը օգտատիրոջ շապիկից ձախ` ներքևի մասում է գտնվում, ապա կույր մարդը հենց այդ կողմում էլ վիբրացիա կզգա:
 
"Eyeronman" պատենտավորված համակարգը կարող են նաև զինվորները կիրառել` մարտական գործողությունների ժամանակ, կամ էլ` ոստիկաններն ու հրշեջները` սահմանափակ տեսադաշտի պարագայում (գիշեր, հրդեհի ու պայթյունի ծուխ):
 
Նմանատիպ սարքեր մինչ այժմ էլ մշակվել են, սակայն սա առաջին դեպքն է, երբ պլատֆորմն ի վիճակի է հայտնաբերված օբյեկտների մասին տեղեկատվությունը մարմնին հաղորդել:
 
Աղբյուրը՝ med.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.