News

Միջոցառում Վանաձորի թիվ 23 դպրոցում

Educational 2014-06-10

Հայի հաղթող տեսակի կենսունակության, տոկունության ու բնածին լավատեսության արտահայտությունն ու հավաստումն էր Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի V «ա» դասարանի աշակերտների և դասղեկ Նաիրա Գաբրիելյանի կողմից կազմակերպած «Հայաստանն անուշ է» միջոցառումը:
Աշակերտների մուտքը «Քելե լաո» երգի և «Ո˚րն է բաբո, մեր հայրենիք» բանաստեղծության բառերի տակ շատ հուզիչ էր: Նրանք եկել էին իրենց դասընկերոջ մեծ պապին այցելության, ով արմատներով Վանից էր: Վանեցի պապի « Ձգուկ, մեռնիմ քըզի» խոսքերը ասես քաղցր մանանա լինեին: Երեխաներն ու պապը նուրբ հումորով, հուզականորեն, գիտականորեն և, ամենակարևորը, արժանապատվորեն ներկայացրին Հայկական լեռնաշխարհի, հայի սովորույթների, արտաքինի, լեզվական առանձնահատկությունները, հայոց պատմությունը: Այն ամենը, ինչի մասին խոսում էին աշակերտները գեղեցիկ ձևով ներկայացվում էր եկրանին:
 
Ափսոսանքն ու լավատեսությունը, կարոտն ու երազանքները, թախիծն ու հումորը այնքան միահյուսված էին, որ ներկաներից ոչ մեկը անտարբեր չէր: Հայ լինելու գիտակցության հպարտությունը երեխաներն իրենց մանկական անկեղծությամբ ներարկեցին բոլորի մեջ:
Միջոցառումը համեմված էր գեղեցիկ երգերով, իսկ «Կիլիկիա» երգի հոգեթով հնչյունների ներքո իրենց հեզաճկուն պարով հիացրին դասարանի աղջիկները:
 
Ներկայացման մեխը հանդիսացավ պապի պատասխանը երեխաներից մեկի հարցին, թե ինչու Ամերիկա, Եվրոպա գնալու փոխարեն եկել է Արևելյան Հայաստան:
 
Միջոցառումը շատ գեղեցիկ էր, և աշակերտները մեծ բավականություն ստացան:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.