News

Ուխտագնացություն դեպի Գեղարդավանք

Educational 2014-06-06

Օրերս Հրազդանի թիվ 7 միջնակարգ դպրոցի տնօրինության և հայ եկեղեցու պատմություն առարկայի ուսուցչուհի Գոհար Մելիքյանի կողմից կազմակերպվեց հերթական ուխտագնացությունը: Տնօրեն Հ. Ասատրյանի նախաձեռնությամբ շուրջ 30 աշակերտ, ուսուցիչներ, ինչպես նաև ծնողներ ուխտագնացություն կատարեցին դեպի Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցի և Գեղարդավանք:
Ուխտագնացության նպատակն էր դարձյալ նորոգել ուխտն Աստծո առջև, աղոթել երկրի բարօրության և խաղաղության համար, ինչպես նաև աշակերտներին ծանոթացնել հայ ճարտարապետության կողոթողների և մշակութային արժեքների հետ: Ուխտագնացության առաջին հանգրվանը Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին էր:
 
Հոգեզմայլ շարականների երգեցողության ներքո ուխտավորները միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված, ապա քահանա Տեր Արսեն Համբարձումյանը ողջույնի խոսք ասաց և օրհնեց աշակերտներին: Տեր Հայրն աշակերտներին հորդորեց աստվածասիրությամբ, անսասան հավատով իրենց ծառայությունը բերել հայոց ազգին` փարված մնալով Եկեղեցուն և լծակից լինելով հոգևորականներին` Հայ Եկեղեցու առաքելության իրականացման մեջ:
 
Աշակերտները եկեղեցուց հեռացան այն հաստատ համոզմամբ, որ առ Աստված հավատքով ամրացնելու են իրենց հոգիները, արհամարհելու և խորտակելու են ամեն տեսակի խոչընդոտ և պատվար:
 
Ուխտավորները շարունակեցին իրենց ճանապարհը դեպի Գեղարդավանք: Այստեղ նրանք ծանոթացան վանքի պատմությանը, շրջեցին քարայրախցերով և միասնական աղոթքով ամփոփեցին իրենց օրը` հավատքով, որ իրենց աղոթքներն ու ուխտն ընդունելի կլինի Բարձրյալին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.