News

«Հայրենիքը մենք ենք» խորագրով միջոցառում Բյուրեղավանի հիմնական դպրոցում

Educational 2014-05-30

Բյուրեղավանի հիմնական դպրոցի 3 «ա» դասարանի սաները դասվար Վալենտինա Կաղիյանի հետ միասին իրենց տարեվերջյան էքսկուրսիան անցկացրին մայրաքաղաք Երևանում: Նրանց շրջագայությունը պատմական էր, որն սկսվեց Հաղթանակի զբոսայգուց` «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ներկայացված գեղեցիկ ու բովանդակալից միջոցառմամբ:
Երեխաները ներկայացրին իրենց սերը դեպի հայրենիք, իրենց խոսքերով բնութագրեցին այդ հայրենիքը, որից հետո «Ես իմ անուշ Հայաստանի» երգի հնչյունների ներքո «նաիրյան աղջիկները» հանդես եկան իրենց «հեզաճկուն» պարով, որը գրավեց զբոսաշրջիկների ուշադրությունը: Բոլորը հիացած էին:
 
Վերջում 3 «ա» դասարանցիները խոստացան իրենց սրտերում ամուր պահել «Հայկ Նահապետի ուժն ու կորովը, Դավթի պատգամը, քաջ Վարդանի կոչը և Աբովյանի տողերը», «մագաղաթով, մեր հավատով, բաց ճակատով» երդվեցին «պահել, շահել, պաշտպանել ու ծաղկեցնել» մեր հայրենիքը:
 
Այնուհետև երեխաները ուղևորվեցին «Էրեբունի քաղաք-ամրոց»` Արգիշտի թագավորի կերպարով և նրա թողած սեպագիր արձանագրությամբ: Այստեղ էլ նրանք ներկայացրին Արգիշտի արքայի կատարած «մեծագործությունները», Էրեբունու հիմնադրումը:
 
«Էրեբունի-Երևան» երգով եզրափակեցին իրենց խոսքը: Թանգարանի աշխատակիցները շնորհակալություն հայտնեցին աշակերտներին և նրանց դասվարին ներկայացման համար:
 
Հաջորդ կանգառը Սասունցի Դավթի կայարանն էր, որտեղ, Սասունցի Դավթի արձանի տակ, երեխաները հատվածներ արտասանեցին «Սասնա ծռեր» էպոսից, բեմականացրին Դավթի կերպարը և շարժվեցին դեպի Ալեքսանր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի շենք, որտեղ էլ խոսեցին Կոմիտասի, Սպենդիարյանի, Արամ Խաչատրյանի և Հովհաննես Թումանյանի մասին` ներկայացնելով նրանց կյանքն ու գործունեությունը: Հետո հնչեց «Սուսերով պարը»:
 
3 «ա» դասարանցիների վերջին կանգառը Մատենադարանն էր, որտեղ Մեսրոպ Մաշտոցի հուշարձանի առջև երեխաներն արտասանեցին, ներկայացրին Մեսրոպ Մաշտոցի ազգանվեր գործունեությունը, խոնարհվեցին ու շնորհակալություն հայտնեցին նրան ազգին հայ պահող գրերը ստեղծելու համար:
 
Այսպես, ամփոփելով իրենց «Մայրենիի» դասագիրքը, երեխաները գոհ ու զվարթ վերադարձան տուն` հույսով, որ այսուհետ Երկիր մոլորակի միակ իշխանությունը կլինի «ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆԸ»:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.