News

Այբբենարանի տոնահանդես Գյումրու թիվ 20 դպրոցում

Educational 2014-05-27

Շիրակի մարզի Գյումրու թիվ 20 հիմնական դպրոցում մեր իմացությունների նախադուռը համարվող սրբության սրբոցի` հայոց այբուբենի տոնահանդեսն էր:
Վառվռուն, տոնական օր էր: Գիրն էր թևածում դահլիճում: Օրվա խորհրդին համահունչ` հայոց այբուբենի նկարազարդ տառերով, Արարատի մեծադիր նկարով, ազգային և ծիսական առարկաներով ու աշխատանքային գործիքներով, լեզվի մասին ասույթներ պարունակող պաստառներով զարդարված դահլիճում I «ա»  դասարանի աշակերտները հպարտությամբ և ոգևորությամբ ներկայացնում են այն բախտորոշ պատմական ժամանակաշրջանը, երբ վճռվում էր հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը և այն աստվածային շնորհը, որ պարգևվեց մեր ժողովրդին Մեսրոպ Մաշտոցի ջանքերով:
 
Լսվում է Մեսրոպ Մաշտոցի ձայնը: Աշակերտները բացում են հայոց գրերի գաղտնարանը: Ու հանգիստ, դանդաղ Սևակն է «գալիս» ու ասում, որ մենք եղել ենք, կանք ու կլինենք:
 
Այնուհետև պատմական անցյալից անցում է կատարվում դեպի ներկա` Անկախության և Ազատության խորհրդանիշ մեր եռագույնի հաղթանակով: Փոխվում է աշակերտների զգեստավորումը` եռագույնով: Պարում են խրոխտ ու հաղթական պարը ...
 
Աշակերտների հղկված հայերենը, ճաշակով ընտրված երգերը, ներդաշնակ պարերը ջերմացրին ներկաների հոգիները, որը կազմակերպել էր I «ա»  դասարանի հմուտ և փորձառու դասվար Զինա Մացակյանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.