News

Այբբենարանի հանդես Ակնալճի միջնակարգ դպրոցում

Educational 2014-05-23

Ակնալճի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցի առաջին դասարանի թվով 35 աշակերտները՝ դասվար Մարուսյա Հովսեփյանի նախաձեռնությամբ, կազմակերպել էին այբբենարանի հանդես: Աշակերտները իրենց թոթովախոս լեզվով սովորել էին Մեսրոպյան այբուբենը, կարողանում էին գրել, կարդալ, արտասանել, կատարել թվաբանական հաշվարկներ:
Քանակական առումով հագեցած դասարանում բազմավաստակ և հմուտ ուսուցչուհին իր ուսերին դրված պարտականությունը բարեխղճորեն էր կատարել` աշակերտները դարձել էին գրաճանաչ: Միջոցառման ժամանակ աշակերտները գեղեցիկ արտասանեցին, յուրաքանչյուրը դարձել էր այբուբենի տառերից մեկը, և խոսքի միջոցով ավելի պերճաշուք դարձրեցին մեր ոսկետառ այբուբենը, կախարդական բանալիով բացեցին Մեսրոպյան գանձարանը և հանդիսատեսին մատուցեցին ոսկեղենիկ մայրենիի թովչանքը:
 
Արտասանությունները զուգորդվեցին երգերով, որի ժամանակ աշակերտները նազանքով շարժումներ էին կատարում:
Ուսուցչուհին հանդեսի կազմակերպման հիմքում դրել էր հայրենասիրության գաղափարը: Աշակերտները լցված էին հայրենասիրական ոգով: Աշակերտներից մեկը, ով զինորական հագուստով էր, մարմնավորում էր հայ զինորի կերպարը` որպես ապագա հայրենիքի պաշտպան:
 
Միջոցառումն անցավ ուրախ ու հաճելի մթնոլորտում` ծնողները գոհ էին, աշակերտները` երջանիկ: Միջոցառման ավարտին դասվար Մ. Հովսեփյանը իր ջերմ խոսքն ասաց երեխաներին և նրանց ծնողներին: Երեխաներին մաղթեց խաղաղ ու անհոգ մանկություն, իսկ ծնողներին` սեր ու հոգատարություն:
 
Դպրոցի տնօրինությունը իր երախտիքի խոսքն ասաց դասվարին և մաղթեց նրան բեղմնավոր աշխատանք:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.