News

«Սիրո կամուրջներ» խորագրով միջոցառում Խ. Աբովյանի անվան թիվ 1 դպրոցում

Educational 2014-05-21

Աբովյանի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի լավագույն դասարաններից են 11-րդ «ա» և 10-րդ «ա» հումանիտար դասարանները. այնտեղ դասավանդելը ինքնին հաճույք է, իսկ աշակերտները բազմաշնորհ են, ունեն գեղագիտական ճաշակ, մեծ հետաքրքրություն ու ձգտում արվեստի նկատմամբ, լի են ռոմանտիկայով ու լիրիզմով. անընդհատ մի բան անելու մտմտումների մեջ են:
Դպրոցի երիտասարդ ուսուցիչներ Ա. Հարությունյանը և Թ. Մելքոնյանը նախապատրաստեցին նրանց մի միջոցառում,որը «Սիրո կամուրջներ» անունն էր կրում: Այն սիրո պոեզիայի լավագույն նմուշների բեմականացման հրաշալի փորձ էր: «Մի՛ պատմիր սերը, սերը կտուժի: Խոսքերը սուղ են, սեղմ, իսկ ինքը՝ մեծ, պարզապես պահպանի՛ր, փայփայի՛ր այն, երկարացրու՛ նրա հետ լինելու չքնաղ ժամանակը»,- այս էր բնաբանը սիրո տոնի:
 
Բեմական կադրերը հաջորդում էին իրար, ձգվում էին սիրո կամուրջները և պոեզիայի խաչմերուկներում հանդիպում էին մեծերը՝ Լորկան, Պետեֆին, Շեքսպիրը, Բյորնսը և Պերսը, Ալիսա Կիրակոսյանը, Սևակը, Տերյանն ու Չարենց, Ռիլկեն ու Պաստեռնակը և ուրիշներ:
 
Թվում էր՝ բեմը մի կապույտ հորիզոնական փռվածք էր հողը մնացել էր ներքևում, և երկինքը վրանել էր սիրո տունը: Մոռացվել էր մարդկային քայլքը, ու ամեն ինչ սահում էր, թևում: Երջանիկ էին բոլորը, հասկացված, բեմական նյութը՝ բոլորին սրտամոտ, բոլորին հավասարապես ախորժելի: Միջավայրը մտերմության բույր ուներ, և բաց էին հոգու դռները անկեղծության առաջ, մաքրության համար:
 
Թվում էր՝ սերը լայնափեշ մի աղջիկ էր, որը ճկուն պտույտներ էր անում, նազանքով իջնում դահլիճ ու նորից բեմ բարձրանում: Այն ամենուր էր:
 
Միջոցառումը բավականին գեղեցիկ էր ստացվել, իսկ աշակերտները և հյուրերը մեծ բավականություն ստացան:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.