News

Միջոցառում Թբիլիսիում՝ «Հին և նոր Հայաստանը» խորագրով

Featured 2014-05-20

Օրերս Թբիլիսիի քաղաքապետարանի «Քարվասլա» պատմության թանգարանում տեղի է ունեցել միջոցառում՝ «Հին և նոր Հայաստանը» խորագրով:
Մշակութային միջոցառման ընթացքում ներկայացվել է Կիլիկիայի և Անիի ժամանակաշրջանը պատկերող ֆոտո-ցուցահանդես, որի հեղինակներն էին լուսանկարիչներ Յուրի Մեչիտովը, Մայա Դեիսաձեն և Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:
 
Երեկոյին թատերական բեմադրությամբ հանդես են եկել թբիլիսահայ և վրացի դերասաններ՝ ներկայացնելով անտիկ Հայաստանի պատմությունից դրվագներ՝ ստեղծելով այդ ժամանակաշրջանին հատուկ մթնոլորտ: Բեմադրության ընթացքում պարային համարներով ելույթ են ունեցել Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ակադեմիական թատրոնի մենապարուհի Ժակլին Սարկոշյանը, «Բարեկամություն» անսամբլի մենապարող Կարեն Մակինյանը և «Հայարտուն» մշակութային կենտրոնի «Ջեյրան» պարային համույթը: Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված միջոցառման բեմադրության երաժշտական մասում ժամանակակից, կրոնական և ազգային կատարումներով հանդես են եկել թբիլիսաբնակ Նինա Կարապետյանը, Նադին Զաքարյանը և Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու երգչախումբը:
 
«Հին և նոր Հայաստանը» խորագրով միջոցառումը կազմակերպել էր «Կովկասյան տուն» մշակութային կապերի կենտրոնը՝ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, «Գարի Դավթյան» տուն-թանգարանի և Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնի մասնակցությամբ: Միջոցառումն անցկացվեց «Կաուկուլտ» ծրագրի շրջանակներում:
 
Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վահագն Աֆյանը, դիվանագետներ, Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի հոգևոր հայր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, թբիլիսահայ մանրանկարիչ Մերուժան Շահումյանը, Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Կիրակոզովը (Գրիգորենցը), Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր:
 
Աղբյուր` Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.