News

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 11-րդ կինոփառատոն

Featured 2014-05-08

ՀՀ մշակույթի նախարարությանից տեղեկացնում են, որ վերջինիս աջակցությամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ, Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությունը` ս. թ. հուլիսի 13-20-ը կանցկացնի «Ոսկե ծիրան» 11-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս փառատոնը կհյուրընկալի համաշխարհային կինոարվեստի, մասնավորապես` հեղինակային կինոյի նշանավոր ներկայացուցիչների:
 
«Ոսկե ծիրան» 11-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը նվիրվում է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին: Փառատոնի շրջանակում տեղի կունենա ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, ինչպես նաև կներկայացվեն տարբեր տարիներին ստեղծված Ս. Փարաջանովին նվիրված ֆիլմեր: Փառատոնի օրերին «Մոսկվա» կինոթատրոնում կբացվի նաև լուսանկարչական ցուցահանդես` նվիրված Փարաջանովին:
 
«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնն այս տարի ստացել է ավելի քան 1500 հայտ` աշխարհի 101 երկրից /2013 թ.՝ 1200 ֆիլմ/, ինչը վկայում է կինոփառատոնի հանդեպ օրեցօր մեծացող հետաքրքրության մասին: Փառատոնը նաև կպահպանի Միջազգային խաղարկային, Միջազգային վավերագրական, Հայկական համայնապատկեր և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ավանդական դարձած մրցույթները, որոնք կգնահատվեն հրավիրյալ ժյուրիների կողմից: «Ոսկե ծիրանի» արտամրցութային ծրագրերը բազմազան են. առանձնակի նշանակություն և կարևորություն ունեն «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» ծրագրերը:
 
Կինոցուցադրությունները կուղեկցվեն ռեժիսորների հետ հանդիպումներով, տեղի կունենան վարպետության բաց դասեր ուսանողների և կինոյի սիրահարների համար:
 
Փառատոնի օրերին կանցկացվեն արդեն ավանդական դարձած «Ռեժիսորներ առանց սահմանների» և «Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ» համատեղ արտադրության ֆորում-դասընթացները, որոնք կարևոր խթան են հանդիսանում տարածաշրջանային կինոինդուստրիայի զարգացման համար:
 
Մինչև փառատոնի մեկնարկը, միջազգային ճանաչում ունեցող մասնագետների կողմից նախատեսվում է իրականացնել դասընթաց` «Կինոլրագրություն առանց սահմանների» խորագրով: Եռօրյա վերապատրաստում անցած կինոլրագրողները կներգրավվեն փառատոնի օրերին լույս տեսնող «Ոսկե ծիրան» օրաթերթի  խմբագրակազմում:
 
Աղբյուրը՝ mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.