News

Միջոցառում նվիրված Կոմիտասի 145 ամյակին

Educational 2014-05-07

ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ցերեկույթ` նվիրված հայ երաժշտության գագաթներից մեկի` Կոմիտաս վարդապետի ծննդյան 145-ամյա հոբելյանին, որը տոնում է ողջ աշխարհի հայությունը:
Դահլիճում թևածում էր Կոմիտասյան շունչն ու ոգին. Կոմիտասի մեծադիր նկար, գեղեցիկ ձևավորում, պատի թերթ, մեծերի խոսքեր …
Դահլիճի խորհրդավոր լռության մեջ աշակերտները ներկայացրին Կոմիտասի կյանքի անմոռաց էջերը` մանկություն, ճեմարան, համերգներ, դասախոսություններ, պատառիկներ նամակներից, հուշագիրների հուշեր, գնահատանքի խոսքեր…
 
Երգչախմբի կատարմամբ հնչեցին «Կաքավիկ», «Հով արեք», «Սոնա յար», «Խնկի ծառ», «Ալագյազ» երգերը: Ընթացքում հնչեցին Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունները` խմբերգեր, մեներգեր, դաշնամուրային գործեր, հնչեցին Լուսինե Զաքարյանի, Արմենակ Շահմուրադյանի և հենց իր` Կոմիտասի կատարումները:
 
Ցերեկույթի մասնակիցների տպավորիչ, անմոռաց խոսքը, կոմիտասյան դյութիչ մեղեդին հիացրեց և հուզեց ներկաներին: Ցերեկույթն ավարտվեց Ավ. Իսահակյանի խոսքով. «Սիրելի Կոմիտաս, այսօր և միշտ դու մեզ հետ ես քո շքեղ երգերով, քո բարձր արվեստով…»:
 
Ցերեկույթի կազմակերպիչներին և մասնակիցներին ջերմորեն շնորհավորեցին դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը և համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը: Ներկաները հեռացան` իրենց հետ տանելով կոմիտասյան լուսաշող մեղեդին…

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.