News

Ավարտվեց տոնական շաբաթը Բյուրեղավանի հիմնական դպրոցում

Educational 2014-05-06

Բյուրեղավանի հիմնական դպրոցում շաբաթը տոնական էր. բեմում էին առաջին դասարանցիները` «Հրաժեշտ Այբբենարանին» միջոցառումներով:
Առաջինի «ա» դասարանի թոթովախոս մանուկներն իրենց համարելով հայրենի հողի մի բուռը, արտի մի ծիլն ու ծաղկի մի թերթը` կառուցեցին Հայաստանն իր նռով, քաղցրահամ խաղողով, փրփուր լավաշով, հայրենի հողում աճած ցորենի հասկով, Արարատ լեռով, խաչքարերով ու այդ քարերում ծնված Սասունցի Դավթով:
 
Այնուհետև հետ թերթվեցին պատմության էջերն ու փոքրիկները տեղափոխվեցին V դար` ներկայացնելով դարաշրջանն իր դժվարին ու հաղթական պահերով: Աշակերտների խոսքերին զուգահեռ, հետնաբեմում, IV դասարանի աշակերտները ապլիկացիոն նկարների միջոցով ցուցադրեցին գրերի գյուտը` Հայաստանի բաժանում, Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթև և Վռամշապուհ թագավոր: Այդ ամենի արդյունքում նորովի ծնվեց հայը: Իսկ հոգնատանջ գյուղացին, իր սայլով երկար ճանապարհ անցնելուց հետո, փոքրերին հանձնեց մագաղաթը` առաջին հայատառ նախադասությամբ:
 
Ներկայացնելով հին ու նոր ժամանակների Հայաստանը` փոքրիկները երդվեցին լինել արժանի զավակն այդ հողի, լինել ազնիվ, լինել բարի, լինել ընկեր դժվար պահի, ու ապրել… այնպես ապրել, որ սուրբ հողը երբեք չզգա մեր ավելորդ ծանրությունը:
 
Ուսուցչուհի Հռիփսիմե Խաչատրյանը ուշադրություն էր դարձրել ոչ միայն դահլիճի կահավորմանը, այլ նաև աշակերտների ու նրանց ծնողների հանդերձանքներին:
 
Ամեն ինչ հայեցի էր. հայի ոգին թևածում էր դահլիճի կամարների ներսում: Ուսուցչուհին ու նրա սաներն արժանացան բուռն ծափողջույնների ու գովեստի խոսքերի:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.