News

Միջոցառում նվիրված Կոմիտասի ծննդյան 145-ամյակին

Educational 2014-05-05

Կոտայքի մարզի Պռոշյանի Պ. Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ գրակա-երաժշտական ցերեկույթ` նվիրված հայ երգի հանճարեղ մշակ Կոմիտասի ծննդյան 145-ամյակին: Այն կրում էր «Կոմիտասով` Կոմիտասին» խորագիրը:
Ցերեկույթին մասնակցում էին 6-7-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտները, դպրոցի հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորման նախագահ Կ. Մկրտչյանի ղեկավարությամբ, ինչպես նաև դպրոցի երգչախումբը  երբ-երաժշտության ուսուցչուհի Կ. Կուրղինյանի ղեկավարութմաբ: Կ. Մկրտչյանը հանդես եկավ ներածական խոսքով, որում մասնավորապես ասաց. «Յուրաքանչյուր հայի համար մեծագույն պատասխանատվություն է խոսել Կոմիտասի մասին: Նա սկիզբ է, որ վախճան չունի, ու հարատև է այնքան, որքան հայ ժողովուրդը»:
 
Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ: Ցերեկույթի ընթացքում երգչախմբի կատարմամբ հնչեցին Կոմիտասի «Կաքավիկ», «Քելե-քելե», «Հոյ-Նազան» և  «Շողեր ջան» երգերը: Գրական մասում երեխաները հանգամանալից ներկայացրին Կոմիտասի կյանքը, հնչեցրին հատվածներ Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից: Չափազանց հուզիչ էր ցերեկույթի այն հատվածը, որում աշակերտները ասմունքեցին Կոմիտասի բանաստեղծական մասունքները` հուզիչ պահեր պարգևելով հանդիսատեսին:
 
Աշակերտները ներկայացրին նաև հիվանդ Կոմիտասին այցելած ականատեսների հուշերը, որոնց որոշ մանրամասներ իսկապես յուրօրինակ երանգ հաղորդեցին ողջ միջոցառմանը: Հնչեցին Լուսինե Զաքարյանի կատարմամբ «Կռունկ»-ի, Իզաբել Բայրաքդարյանի, Աննա Մայիլյանի կատարմամբ կոմիտասյան շարականների ձայնագրություններ: Էկրանին ցուցադրվեցին նաև «Հով արեք» և «Մոկաց միրզա» հին տեսաձայնագրությունները Կոմիտասի ձայնի ուղեկցությամբ:
 
Միջոցառումն անցավ ջերմ և հուզիչ մթնոլորտում: Միջոցառման նպատակն էր մեկ անգամ ևս աշակերտներին ծանոթացնել կոմիտասյան երգերին, իմանալ տալ մեծ երգահանի կյանքը, նրա կատարած գործի կարևորությունն ու արժեքը հայ մշակութային և քաղաքական կյանքում, ճանաչել տալ մեր ազգային արմատները և աշխարհին ներկայանալ այդ դիամգծով, զուլալ ու մաքուր հայ երգով` զերծ օտար ու խորթ մեղեդիներից: Այն մատաղ սերնդի արժեհամակարգի ձևավորմանը նպաստող քայլ էր:
 
Աշակերտները բեմում իրենց դրսևորեցին փայլուն կերպով`  ամենայն պատասխանատվությամբ կատարելով իրենց առջև դրված խնդիրը: Միջոցառման ավարտից հետո հնչեցին դրվատանքի և հիացմունքի խոսքեր ուսուցիչների և ծնողների կողմից:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.