News

Սուրբ Հարության տոնն Արշալույսի միջնակարգ դպրոցում

Educational 2014-04-28

Սուրբ Հարությունը եկեղեցու կարևոր տոներից է: Այս տոնի նախօրյակին ավարտվում է Մեծ պահքի շրջանը: Մեծ պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը, որը միշտ նշվում է կիրակի օրը և ավարտվում նույն օրը երեկոյան:
Հաշվի առնելով, որ այս տարի նշվում է Հովհաննես Թումանյանի 145-ամյակը, աշակերտները բեմադրել էին հանճարեղ լոռեցու գրչին պատկանող «Բարեկենդանը» հեքիաթը: Ցերեկույթը կազմակերպվել էր 6-րդ-ա դասարանի աշակերտների մասնակցությամբ: Ներկա էր Արշալույսի Ս. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի կոլեկտիվը: Ցերեկույթին ներկայացել էր նաև Ինչուիկը, ով շարունակ հարցեր էր ուղղում իր հասակակիցներին`  նրանցից ճիշտ պատասխաններ և տեղեկություններ ակնկալելով: Ինչուիկին հետաքրքրում էր, թե ինչ է նշանակում Բարեկենդան, ինչու էր տանտերը յուղ ու բրինձ բերել` ասելով, թե Բարեկենդանի համար է: Աշակերտները բացատրեցին «բարեկենդան» բառի կազմությունը, որը գրաբարում նշանակել է ուրախություն: Բարեկենդանին մարդիկ իրար հյուր են գնում կամ ամբողջ ընտանիքով հավաքվում են տոնական սեղանների մոտ և ուրախանում: Այդ օրվա գլխավոր ուտելիքը բրնձով և յուղով փլավն է: Այս փլավի համար էր Թումանյանի հերոսը յուղ ու բրինձ բերել: Ինչուիկի խնդրանքով աշակերտները բեմադրեցին Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթը: 
Հեղինակի խոսքը ներկայացրեցին աշակերտներ Լիանան, Րաֆֆին, Անդրանիկը, Հայկը, Ալբերտը, Գևորգը և Մարիետան: Դերերում` Ալվարդ - կին, Ժորա - ամուսին, Տիգրան - Բարեկենդան: 
   
Հեքիաթում տեղ գտած մարդ ու կնկա վեճը ներկայացված էր ժողովրդական կատակ-երգի միջոցով (աշուղ Երամ):
Հաշվի առնելով, որ առջևում Սուրբ Հարության տոնն է, երեխաները որոշեցին փոխել հեքիաթի վերջաբանը: Նրանք խնդրեցին, որ Բարեկենդանը ետ վերադարձնի յուղը, բրինձը և ձին, որպեսզի մարդ ու կին հաշտվեն և Զատկի տոնին նրանց տանը թևածեն խաղաղությունը, հույսը, հավատը և սերը: Բարեկենդանը ետ վերադարձրեց ինչ որ տարել էր: Հնչեց հայկական ժողովրդական երաժշտություն, որն ուղեկցվեց պարով: 
 
Աշակերտների նախաձեռնությամբ և ուսուցչուհու աջակցությամբ աշակերտները տոնին համապատասխան սեղան էին պատրաստել: Նրանք սեղանի մոտ հրավիրեցին արդեն հաշտված մարդ ու կնկան, Բարեկենդանին և Թումանյանի հեքիաթների մյուս հերոսներին` Քաջ Նազարին, Անխելք մարդուն և Ձախորդ Փանոսին: Սեղանի շուրջ ուսուցչուհին հորդորեց երբեք չհուսահատվել և կյանքի դժվար օրերին միշտ հիշել Հովհաննես Թումանյանի հանճարեղ տողերը. «...Օրեր են, կմթնեն, անց կկենան...»:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.