News

Հետադարձ հայացք՝ նկարիչների նկարիչը

Educational 2014-04-26

Ապրիլի 15-ին Վանաձորի Պ. Տիչինայի անվան N 20 դպրոցի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված արևմտյան գեղանկարչության վարպետներից մեկի՝ Արշիլ Գորկու 110-ամյա տարելիցին:
Միջոցառման մասնակիցներն էին Վանաձորի Պ. Տիչինայի անվան N 20 դպրոցի 6- րդ «բ» դասարանի աշակերտները, իսկ նախաձեռնող- կազմակերպիչները՝ կերպարվեստի ուսուցչուհի Ն. Ղավալյանը և դասղեկ Տ. Խաչատրյանը:
Դահլիճի պատերին փակցվել էին աբստրակտ կտավներ՝ հարիր միջոցառման ոգուն: Բեմի խորքում՝ կարպետածածկ աթոռին, նստել էր մի աշակերտուհի՝ Արշիլի մոր հանդերձով: 
 
Հնչեց Տ. Մանսուրյանի մեղեդին և ուսուցչուհի Ն. Ղավալյանը ոգեկոչեց եղեռնազարկ եղած հայ ժողովրդին, հարգանքի և հիշատակման տուրք մատուցեց  եղեռնից ողջ մնացածներին, ովքեր վերապրել և իրենց աչքերով տեսել էին կոտորած  ու մահ. խեղվել էր նրանց մանկությունն ու պատանեկությունը և քամու բերանն ընկած տերևի նման  թռել էին օտար ափեր՝ քաղցր հայրենիքից՝ էրգրից,  հեռո~ւ – հեռո~ւ… Արշիլ Գորկին էլ  նրանցից մեկն էր, ով եղեռնից մազապուրծ հայտնվեց օտար ափերում և փորձեց իր արվեստի մեջ գտնել կորսված անուշ էրգիրը:
 
Այնուհետև ներկայացվեց միջոցառման նպատակը և խոսվեց հերոսի՝ Արշիլ Գորկու մասին, ներկայացվեց նաև հայոց հնագույն ոստան Վանը, և  ներս  հրավիրվեց մի աշակերտ՝ Արշիլ Գորկիու կերպարամքով: Հաղորդավարները նպատակային հարցադրումներով «Գորկուն» ներքաշեցին զրույցի մեջ: Նկարչի խոսելուն զուգահեռ ցուցադրվում էր, Գորկու տունը, դպրոցը և տեսարաններ ահազարհուր եղեռնից:
«Արշիլ Գորկին» պատմեց իր թափառիկ կյանքի պատմությունը, հիշեց սև եղեռնը...Աղջիկները, ի լրումն այդ ասածին, պարեցին «Կակաչի պարը» և պարի ավարտին հափշտակվեցին թուրք  ենիչերիների ձեռքով: Հետո պատկերվեցին գաղթականների երամները և եղեռնից ահազարհուր տեսարաններ:
 
«Գորկի» աշակերտը մեզ իր «մոր» հետ տարավ Էջմիածին, Երևան, որտեղ էլ հողին պահ տվեց քաղցից մեռած իր մորը:
Տեսաֆիլմով ցուցադրվեցին ճանապարհներ, որով Գորկին հասավ Ամերիկա: «Գորկի»-ն ամփոփեց իր խոսքը և գնաց նստեց մոր կողքին: Ցուցադրվեցին հատվածներ «Արարատ» ֆիլմից: Իրենց եղբոր մասին քաղցր հուշեր պատմելու համար ներս հրավիրվեցին Գորկու «քույրերը»՝ Սաթենիկը և Վարդուշը: Նրանք պատմեցին հուշեր իրենց եղբոր մանկությունից: Միջոցառումը եզրափակեցին «Գորկու աշակերտները»՝ Հանս Բուկհարդը և Շահեն Խաչատրյանը: Նրանք ցուցադրեցին իրենց վրձնած աշխատանքները, պատմեցին հուշեր ուսուցչի մասին և ներկայացրին նրա կտավները:
 
Հաղորդավարների եզրափակիչ խոսքից հետո պաստառի վրա վեր խոյացան Մասիսները, որոնց կողքին ներկապնակ էր. Գորկին եկավ հայրենիք…

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.