News

Դասղեկի ժամ Գյումրու N 7 հիմնական դպրոցում

Educational 2014-04-26

Սույն թվականի ապրիլի 11-ին Գյումրու N 7 հիմնական դպրոցի 6-րդ «բ» դասարանում տեղի ունեցավ դասղեկի ժամ համագործակցային մեթոդով: Դասղեկի ժամի թեման էր «Իմ կարգախոսն է լինել բարոյական»: Դասղեկ Շ. Թորոսյանը դասարանը բաժանեց երեք խմբի:

Դասղեկը ներկայացրեց բարոյագիտություն առարկայի մասին տեղեկատվություն՝ խոսելով հունական դիցաբանությունից, մասնավորապես մեկնաբանելով բարոյականության, ճշտախոսության, ամոթի և հավասարության գաղափարները:
Աշակերտները հետաքրքիր կերպով ներկայացրին և պաստառի վրա փակցրին աստվածաշնչյան 10 պատվիրանները:
Բարու և չարի հակադրությունը աշակերտները նկարել էին արևի և խարույկի տեսքով: Բարոյական արժեքներ ունեցող հատկանիշները նշվեցին արևի ճառագայթների վրա, իսկ մարդկային վատ գծերը նշվեցին խարույկի վրա:

Խմբերին տրվեցին բառեր՝ բարի, մարդասիրություն, ազնվություն, ճշմարտություն, ատելություն, վախկոտություն, ստախոսություն, հայրենասիրություն, որոնցով աշակերտները պետք է ասույթներ ներկայացնեին:
Առանձնապես հետաքրքիր էր 3-րդ առաջադրանքը: Երեք խմբերին բաժանվեց փոքրիկ անավարտ պատմություն, որի ավարտը պետք է մտածեին աշակերտները: Երեք խմբերն էլ նույն պատմությանը երեք տարբեր ավարտ տվեցին, որոնք բնութագրում էին մարդկային բարոյական հատկանիշները:

Դասընթացի ժամանակ նկատվեց, որ աշակերտների խոսքը գրական հայերենով էր, ամբողջ դասի ժամանակ լեզվի աղավաղումներ չնկատվեցին, ակնհայտ էր, որ երեխաները հարգանք էին տածում մայրենի լեզվի հանդեպ: Բացի այդ, Արմանը դասը եզրափակեց չափածո խոսքով՝ հայտնելով իր կարծիքը բարոյականության մասին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.