News

Օլիմպիադայի ամփոփում Սևանի թիվ 1 դպրոցում

Educational 2014-04-17

Ուսուցիչների և աշակերտների գործը ընդհանուր է և նպատակը մեկն է. ստանալ հնարավորինս շատ գիտելիքներ և ապահովել բարձր արդյունք: Այդ պատճառով էլ, երբ մեկնարկվեց ՀՀ դպրոցականների 2013-2014 ուստարվա առարկայական օլիմպիադան, և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները լցվել էին հուզմունքով և լարված սպասումով. չէ՞ որ օլիմպիադան նշանակում է ստացած գիտելիքների հանրագումար, կարևոր վերջնարդյունք, որով բացահայտվում է բացառիկ աշակերտ, որակվում է ուսուցիչը, որին էլ հետևում է դպրոցի բարձր վարկանիշը:
Բոլորը լծվել էին տքնաջան ու եռանդուն աշխատանքի. մեծ էր ոգևորությունը, անխոնջ աշխատանքի չափն ու ծավալը: Այս ամենն իզուր չէր. պտուղները չուշացան. սպասումներն արդարացան: Սևանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտ Արման Երվանդյանը, ուսուցչուհի Ռ. Հակոբյան, իսկ Ալբերտ Խաչատրյանը, ուսուցչուհի՝ Լ. Առաքելյան, արժանացել էին գովասանագրի: Աննկարագրելի էր այն ուրախությունն ու ցնծությունը, որ ապրեցին ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները:
 
Ալբերտը՝ որ միշտ փայլել է դպրոցական և միջդպրոցական միջոցառումներում իր ասմունքով, դերային խաղով, այժմ էլ փայլում էր ներքին ուրախությունից և այն հարցին, թե գո՞հ է արդյոք իր արդյունքից, իրեն հատուկ լրջությամբ պատասխանեց. «Իհարկե գոհ եմ, բայց դեռ շատ բան ունեմ սովորելու և ավելիին հասնելու համար»:
 
Իսկ Արման Երվանդյանը, որ միշտ էլ աչքի է ընկել իր զսպվածությամբ և համեստությամբ, պրպտելու և գտնելու մեծ կարողությամբ, ոգևորությամբ պատմում էր օլիմպիադայի ընթացքի մասին:
 
Արմանի հետաքրքրությունների շրջանակը լայն է՝ պատմություն, հնագիտական պեղումներ, կենսաբանություն, քիմիա, բժշկություն: Այս ամենով նա յուրօրինակ և ուրույն աշխարհ է ստեղծել իր համար, բայց այն փակ աշխարհ չէ: Իր մտքերին և երազանքներին նա հաղորդակից է դարձնում նաև ընկերներին, ծնողներին և ուսուցիչներին: Արմանի հետ զրույցի ընթացքում պարզվեց նրա ևս մեկ երազանքը. «Երանի մեր դպրոցում կենսաբանության լաբորատորիա լիներ, այդ դեպքում ես ավելի բարձր պարգևի կարժանանայի, իսկ դրա բացակայությունը խեղճացրեց ինձ օլիմպիադայի ժամանակ...»:
 
Ուրախությունն ու ափսոսանքը միախառնվում են իրար, բայց մենք հուսով ենք, որ կգա մի օր, և մեր աշակերտները այլևս երանություն չեն տա այն դպրոցներին, որոնք հագեցած են 21-րդ դարին հարիր սարքավորումներով ու լաբորատորիաներով և մի օր էլ նրանց երազանքը իրականություն կդառնա, իսկ հաղթանակը՝ կատարյալ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.