News

Դասղեկի ժամ Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցում

Educational 2014-04-17

Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցի 6-րդ դասարանում կազմակերպվել էր դասղեկական դաս-միջոցառում «Մեր մայրերի մանկությունը» թեմայով (դասղեկ` Ա. Ալեքսանյան):
Մայրերը, նստելով «հեղինակային աթոռին», երջանիկ ժպիտները դեմքներին, պատմում էին իրենց անդարձ մանկության հետաքրքիր ու զավեշտալի հուշերից: Հատկապես երանությամբ էին խոսում իրենց ընկերների նվիրվածության, ընկերասիրության մասին, բակային բազում խաղերից: Ու թե ինչպես էին զայրանում, երբ աննկատելի մութն ընկնում էր,ու լսում էին մայրերի անհանգիստ ձայները:
 
Երեխաները իրենց հետաքրքրող, չարաճճի հարցերն էին ուղղում մայրերին ու ստանում անկեղծ պատասխաններ: Իսկ հետո նրանք իրենց մայրերի առջև հանդես եկան երգ ու պարով, ասմունքով` համեմելով մեղմ հումորով:
 
Հատկապես գեղեցիկ էին մայրերի և երեխաների զուգերգերն ու զուգապարերը: Մայրերի մանկությունը մի պահ վերադարձել էր: Եվ երեխաները նրանց սիրառատ աչքերում տեսան իրենց երազները…
 
Երեխաները մայրերին մատուցեցին իրենց պատրաստած անակնկալը. փոքրիկ վահանակների վրա տեղադրել էին մայրերի մանկական լուսանկարները, նրանց անունների սկզբնատառերով հորինած ծայրակապերը, աֆորիզմներ և խաղալիքներ:
 
Դասղեկի նպատակն էր ավելի սերտ դարձնել ծնող-աշակերտ-դպրոց կապը: Երեխաների ուշադրությունը բևեռել այն խնդրին, որ ազատ ժամանակը չվատնել համակարգչի առջև նստելով (օգտվել անհրաժեշտության դեպքում), այլ խաղալ դրսում, վայելել խաղը, ընկերների հրճվանքը, հակառակ դեպքում կմեծանան առանց մանկության:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.