News

Հուշարձանների միջազգային օրվան ընդառաջ

Featured 2014-04-17

ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, որը հնարավորություն է ընձեռում մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության վերաբերյալ: Յուրաքանչյուր տարի առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավորություն է տալիս շեշտելու համաշխարհային ժառանգության բազմա­զանությունը:
Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցի առթիվ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ մշակութային ժառանգությունը կապված է պատմության և հիշողության հետ` 2014 թ. համար հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը (ԻԿՕՄՕՍ) առաջարկել է ապրիլի 18-ը նշել «Հիշատակի ժառանգություն» խորագրի ներքո` կոչ անելով հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակներում անդրադառնալ հիշատակի (մեմորիալ) հուշարձաններին` մեկ անգամ ևս վերհիշելով պատմությունն ու այն կերտող ականավոր գործիչներին:
 
ՀՀ մշակույթի նախարարությունը, համա­գոր­ծակցելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի,  ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարա­րությունների, ՀՀ Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների, ՀՀ Գիտու­թյունների ազգային ակադեմիայի` մասնավորապես «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի, Հայաստանի ճարտարապետների միու­թյան, Հայաստանի ճար­տա­րա­պետության ազգային թանգարան-ինստիտուտի, Հայ­կական ճարտարա­պետությունն ուսումնասիրող հիմնադրամի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զբոսաշրջության վարչության և բնագավառի շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ, ՀՀ մարզերում, Երևանում և ԼՂՀ-ում համատեղ կազմակերպել է մի շարք միջոցառումներ, որոնց միջոցով մեկ անգամ ևս հնարավորություն կստեղծվի վերհիշել անցյալի դարակազմիկ դեպքերը, ինչպես նաև հանրու­թյանը մեկ անգամ ևս հաղորդակից դարձնել Հայաստանի պատմության ու մշակույթի անշարժ հուշար­ձաններին և տվյալ վայրի հետ կապված հիշողություններին:
 
Հուշարձանների միջազգային օրվան ընդառաջ` ապրիլի 17-ին,  ՀՀ մշակույթի նախարարության կողմից կկազմակերպվի լրագրողների այց ՀՀ Լոռու մարզի Օձուն եկեղեցական համալիր, Քոբայրի վանական համալիր և «Լոռի բերդ» քաղաքատեղի: Լրագրողների այցի համար ընտրված այս 3 հուշարձանները վերականգնվում են տարբեր ձևաչափերով.
 
Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնում՝ պետություն-մասնավոր հատված համագործակցություն.
Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացվում են ՀՀ մշակույթի նախարարության և «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի համատեղ ջանքերով: Սա մասնավոր հատված-պետություն նոր ձևաչափի համագործակցություն է, որտեղ կողմերը, կարևորելով պատմամշակութային արժեքները պահպանելու և հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը, ուժերը միավորելով, և մեկտեղելով մասնագիտական ու ֆինանսական հնարավորությունները, աշխատանքներ են ծավալում Օձունի եկեղեցու վերականգնման գործում:
 
Քոբայրավանքի վերականգնում՝ միջազգային համագործակցության հարթակ (հայ-իտալական կրթական համատեղ ծրագիր).
Իտալիայի արտաքին գործերի և ՀՀ մշակույթի նախարարությունների միջև կնքված «Կրթական ծրագիր Հայաստանում. Օժանդա­կություն տեղական հաստա­տություններին մշակութային արժեքների վերականգնման և պահպանման ոլորտում» կրթամշակութային ծրագրի շրջանակում ՀՀ պետական բյուջեի միջոցներով վերա­կանգնվող Քոբայրավանքի վերականգնման աշխատանքներին ակտիվորեն մասնակցել են նաև իտալացի մասնագետներ:
 
Լոռի բերդի վերականգնում՝ ՀՀ պետական բյուջեով վերականգնվող աշխարհիկ կառույցի օրինակ.
Լոռի բերդի պահպանության և ուսումնասիրման նպատակով ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2010 թվականին ստեղծվել է «Լոռի բերդ» քաղաքատեղի» արգելոց-թանգարանը, ինչը հնարավորինս անաղարտ է պահպանում հուշարձանախումբը և ապահովում է դրա նպատակային օգտագործումը: Արգելոցի ստեղծմանն իր օժանդակությունն է ցուցաբերել նաև Լոռի բերդի համայնքը: 2012-2013 թթ. կատարվել են հուշարձանի պեղման, նախագծման, ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքներ: 2014 թ. շարունակվում են հուշարձանի պեղման և վերականգնման աշխատանքները:
 
Ապրիլի 17-ին՝  Հովհան Օձնեցու ննջման օրը, Գուգարաց թեմում հռչակված է համաթեմական ուխտի օր. Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում կմատուցվի սուրբ և անմահ պատարագ, ինչպես նաև տեղի կունենա եկեղեցու խաչի օծման արարողություն:
 
Ապրիլի 18-ին՝  «Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը» Երևանում, ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում կիրականացվեն մի շարք միջոցառումներ՝ հուշարձանների մաքրման և բարեկարգման աշխատանքներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ, շնորհանդեսներ: 
 
Ապրիլի 19-ին՝ ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կկազմակերպի «Գարունը Գառնիում» խորագիրը կրող շաբաթօրյակ, որին ցանկություն են հայտնել մասնակցելու նաև «Արորդիների Ուխտի» անդամները: Շաբաթօրյակի շրջանակում հրավիրվում են հասարակական կազմակերպություններ, Գառնի համայնքի բնակիչներ, ինչպես նաև ցանկացողներ, ովքեր միասնական ջանքերը կուղղեն արգելոց-թանգարանի տարածքի բարեկարգմանն ու գեղեցկացմանը:
 
Աղբյուրը՝ mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.