News

Դպրոցականները կզբաղվեն ռոբոտաշինությամբ

Featured 2013-02-28

Այսօր արդեն Հայաստանի համար արդիական է ռոբոտաշինությամբ հետաքրքրվող երիտասարդ սերունդ աճեցնելը: Այդ նպատակով Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության, Քրոնիմետ բարեգործական հիմնադրամի, Վորլդ Վիժն Հայաստանի և Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի հետ համագործակցությամբ, Հայաստանի 50 դպրոցներում նախատեսում է ստեղծել ռոբոտաշինության խմբակներ, որտեղ երեխաները կծանոթանան ուսումնական ռոբոտի պատրաստի մոդելի հետ: Ուսումնական ռոբոտների պատրաստման համար կօգտագործվեն LabVIEW - Microsoft Robotics Studio ծրագրերը:

Ծրագրի կազմակերպիչները ապրիլ-մայիսին կայցելեն համայնքներ, համապատասխան ուսուցիչ ընտրելու նպատակով: Դպրոցական խմբակներում դասընթացները նախատեսված են 2013թ.-ի սեպտեմբերից: Ծրագրի շրջանակներում` հունիս-հուլիս ամիսներին, նախատեսվում է նաև համապատասխան դպրոցների ուսուցիչների վերապատրաստում:

Այսօր ռոբոտաշինության խմբակներ կան Երևանում գործող Այբ դպրոցում, Քվանտ և Պոլիտեխնիկ վարժարաններում, իսկ մարզերից` Լոռիում (Ախթալա), Սյունիքում (Սիսիան, Կապան), Շիրակում (Գյումրի) և Արագածոտնում (Թալին): Եթե հաշվի առնենք, որ ՏՏ ոլորտը վերջին տարների երկնիշ աճ է գրանցում, ապա կարելի է ենթադրել, որ ռոբոտների արտադրությունը կարող է դառնալ մեր երկրի մրցակցային առավելությունը:
 
2012թ. ՏՏ ոլորտի աճը կազմել է 20 տոկոս, իսկ ոլորտի ընդհանուր շրջանառությունը հասել է 250 մլն դոլարի, արտահանումը կազմել է 60 տոկոս, իսկ աշխատատեղերի ու նոր ընկերությունների աճը կազմում է 10 տոկոս; ՏՏ ոլորտի ընկերությունների ընդհանուր թիվը հասնում է Հայաստանում 400:
 
Ղեկավարվելով այն իրողությամբ, որ ռոբոտաշինության զարգացումը մեր երկրի մրցունակության ամրապնդման հեռանկարներից մեկն է, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հնարավոր բոլոր միջոցներով աջակցում է այդ ոլորտի զարգացումը խրախուսող նախաձեռնություններին: Դպրոցականին հատուկ ոգևորությունը, հետաքրքրությունը, նորը սովորելու և յուրացնելու աշակերտների ներքին պահանջը դպրոցը դարձնում են իդեալական միջավայր`Հայաստանում ռոբոտաշինության ուղղությամբ ամուր հիմքեր ստեղծելու համար:
 
Աղբյուր` PanArmenian.net

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.