News

Ստեղծագործում են Զովաբերի միջնակարգ դպրոցի աշակերտները

Educational 2014-04-14

Աշխույժ եռուզեռ էր տիրում Զովաբերի միջնակարգ դպրոցի տարրական դասարանների միջանցքում: Դպրոցի տեխնոլոգիայի ուսուցչուհի Նարինե Առաքելյանը հավաքել էր I-IV դասարանների աշակերտների լավագույն աշխատանքները և ստեղծել մի գեղեցիկ անկյուն՝ «Ստեղծագործում են մեր փոքրիկները» խորագրով:
Ցուցահանդեսը ոգևորել էր թե՛ ստեղծագործողներին, թե՛ դպրոցի մյուս աշակերտներին: Ամեն մեկը ցանկանում էր գտնել իր աշխատանքը, կամ մեկնաբանել մյուսների աշխատանքը:
 
Ցուցահանդեսի նյութերից երևում էր,որ աշակերտները տեխնոլոգիայի դասաժամերին ձեռք են բերել գիտելիքներ գրաֆիկայից, բնական ու արհեստական նյութերից, գաղափար են կազմել ինտերիերի մասին: Պատրաստել էին մատնային (մատնոցային) տիկնիկներ, ձեռնոցային տիկնիկներ, խոհանոցային պարագաներ: Թղթե և ստվարաթղթե աշխատանքներով ապացուցում էին իրենց հմտությունն ու հնարամտությունը:
 
Ուսուցչուհին կարողացել էր ողջ ուսումնառության ընթացքում բացահայտել նրանց բազմաշնորհ կարողությունները, այն համադրելով դասագրքի նյութերի հետ և ստանալ յուրօրինակ աշխատանքներ:
 
Կարևորն այն է, որ ցուցահանդեսը աշխատանքի մղեց այն աշակերտներին, ովքեր ուսումնական տարվա ընթացքում աչքի չէին ընկել իրենց լավ սովորելով, բայց ունեին հմուտ ձեռքեր, պրպտող միտք: Ցուցահանդեսը, ցույց էր տալիս, որ երեխաների մեջ ձևավորվել ու դեռ կշարունակվի ձևավորվել գեղագիտական ճաշակ, ինչը ցուցահանդեսի հիմնաքարն էր:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.