News

Գրական-երաժշտական ցերեկույթ թիվ 75 դպրոցում

Educational 2014-04-14

Թիվ 75 հիմնական դպրոցում ավարտվեց Հովհաննես Թումանյանի145-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Օրերս «Մեծ լոռեցին» թեմայով գրական-երաժշտական մեծ ցերեկույթ անցկացվեց դպրոցի դահլիճում:
Սցենարի հեղինակն էր հայոց լեզվի և գրականության վաստակաշատ ուսուցչուհի Լ. Քյորօղլյանը: Մասնակցում էին դպրոցի 4-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ դասարանների շնորհալի աշակերտները: Միջոցառման ղեկավարները՝ Ս. Կարապետյանն ու Լ. Քյորօղլյանը, մեծ աշխատանք էին տարել աշակերտների հետ. մշակել էին  նրանց խոսքը, պատրաստել փոքրիկ բեմադրություններ՝ ներկայացնելով Ամենայն հայոց բանաստեղծի կյանքն ու ստեղծագործությունը: Թումանյանական մթնոլորտ էր ստեղծվել. Լոռվա բնանկարները, բանաստեղծին նվիրված ստենդները, «Անուշ» օպերայի ուղեկցող երաժշտությունը դրա վառ վկայությունն էին:
 
Երեխաները հրաշալի ներկայացրին «Թագավորն ու չարչին» լեգենդը, «Սուտասանը» հեքիաթը, «Շունն ու կատուն» առակը: Հնչեցին հատվածներ «Լոռեցի Սաքոն» և «Մարո» պոեմներից:
 
Հանդիսատեսին իրենց կատարումներով մեծ բավականություն պատճառեցին 4-րդ դասարանցիներ Հայկն ու Վալերին, («Իմ ընկեր Նեսոն»), 6-րդ դասարանցիներ Նարեկն ու Էդգարը  («Սուտասանը» ), Ալլան, Սիմոնը  և մյուսները:
 
Միջոցառումը մեծ տպավորություն թողեց ներկաների վրա: Այն դարձավ մի յուրահատուկ հիշարժան օր բոլորի համար:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.