News

Փայլուն մասնակցություն «Հայ ասպետին»

Educational 2014-04-08

Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ դպրոցի թիմը օրերս մասնակցեց «Հայ ասպետ» հեռուստախաղին: Մրցակիցներն էին Ապարանի և Երևանի հավաքական թիմերը:
Խաղն անցավ թեժ մրցապայքարում: Բազմաթիվ հարցերից Մաշտոցի անվան դպրոցի թիմը վաստակեց բարձրագույն գնահատականը` «Հայ ասպետ»: Ավագների մրցույթում փայլուն հանդես եկավ թիմի ավագ Սուրեն Թադևոսյանը:
 
Արդյունքում Չարենցավանի թիմը 61 միավորով գրավեց 2-րդ պատվավոր տեղը`զիջելով Ապարանի թիմին: Սակայն լավ խաղ ցուցաբերելու շնորհիվ նրանք նույնպես հնարավորություն ստացան մասնակցելու կիսաեզրափակիչ փուլին:
 
«Հայ ասպետ» հաղորդաշարը ունի ճանաչողական, ուսուցողական և դաստիարակչական մեծ նշանակություն: Նկարահանմանը նախորդող 2 ամսվա ընթացքում դպրոցի 15 աշակերտներ ուսուցիչների ղեկավարությամբ ուսումնասիրեցին հանձնարարված գրականությունը:
 
Այնուհետև նրանցից կազմվեցին 5 հոգանոց հիմնական և 6 հոգանոց օգնական խմբերը: Հիմնական կազմում ընդգրկված աշակերտները լավագույնս դրսևորվել են առարկայական օլիմպիադաներին, արժանացել դիպլոմների: Այս ընթացքում աշակերտները ձեռք բերեցին բազմակողմանի գիտելիքներ հայագիտության վերաբերյալ: 
 
Ամռանը կտրվեն նոր հանձնարարությունները և հոկտեմբերին կանցկացվի կիսաեզրափակիչ փուլը: Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան դպրոցի աշակերտները հուսով են, որ իրենց թիմը այդ փուլին ևս հանդես կգա արժանավայել և կարժանանա հաղթական մրցանակին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.