News

Միջոցառում նվիրված Պարույր Սևակի 90 ամյակին

Educational 2014-04-08

Արտաշատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում հերթական միջոցառումն էր` նվիրված Պարույր Սևակի ծննդյան 90 – ամյակին: Մարդուն ափի մեջ դնելու, նրան տարբեր տեսանկյուններից դիտարկելու հերթը յոթերորդցիներին էր, իսկ Մարդն էլ` ինքը` բանաստեղծը:
Աշակերտների նախապես կահավորած անկյունից ժպտում էր լույսերի մեջ ողողված բանաստեղծը ու արձագանքում նրանց խոսքին. «Աշխարհին ուղղված մի բացիկ եմ ես…»:
 
Ցերեկույթը սկսվեց բեմադրությամբ: Աշակերտներին հյուր էր եկել լիտվացի բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսը: Նա, նստած գրասեղանի առաջ, իր վերջին նամակն էր գրում արդեն հավերժություն դարձած ընկերոջը: Վերջին անգամ բարև էր ասում Պարույրին` վստահ, որ իրեն պիտի արձագանքեն… Պարույրի ձայնով կպատասխանեն ու նրա բանաստեղծություններով: Ու նա չսխալվեց: Նրան արձագանքեց սևաչյա Անյուտան բանաստեղծի «Բարև» - ով, հետո կարծես երկու ընկերներ վերագտան իրար, ու նրանց ողջագուրումից անկարելին անգամ դարձավ կարելի…
 
Այնուհետև Տիգրան Մանսուրյանի հոգեթով մեղեդու ներքո աշակերտները արտասանեցին բանաստեղծի ստեղծագործությունները, վերհիշեցին նրա կյանքի դրվագները, ներկայացրին նրա գործի ու կյանքի ներդաշնակությունը: 
 
Ներկաները հուզմունքով էին լսում աշակերտներին: Դժվար էր հավատալ, որ այդ տարիքում երեխաները կարողացել էին այդքան խորությամբ ընկալել բանաստեղծի խոսքի ողջ փիլիսոփայությունը: 
 
«Այս ցերեկույթը համալրեց դպրոցի լավագույն միջոցառումների շարքը: Այն երկար դեռ կհիշվի», - այսպես գնահատեց դպրոցի տնօրեն Ն. Մուրադյանը աշակերտների և նրանց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհու` Հ. Մկրտչյանի աշխատանքը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.