News

Բաց դաս Հայոց եկեղեցու պատմություն առարկայից

Educational 2014-04-08

Օրերս Աբովյանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցի IX «ա» դասարանում տեղի ունեցավ դաս-միջոցառում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայից՝ նվիված Ամենայն Հայոց 130-րդ կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանին: Ամենայն մանրամասնությամբ ներկայացվեց Վազգեն Ա-ի գործունեության հիմնական ուղղությունները՝ եկեղեցաշինություն, Մայր աթոռի ամրապնդում, միջեկեղեցական հարաբերությունների աշխուժացում, ազգային ոգու բարձրացում:
«Հայաստանյաց եկեղեցին իր դարավոր գոյությամբ ու գործունեությամբ շաղախված է հայ ժողովրդի կյանքի, մշակույթի և ճակատագրի հետ»,- նշում էր Վեհափառ հայրապետը և հավելում, որ «ներքին պառակտումները խորթ են ազգաշինության և հայրենակերտության մեր համահայկական պարտավորությանը»:
 
Ուսուցչուհի Անահիտ Ստեփանյանը առանձնահատուկ ներկայացրեց Վազգեն Ա կաթողիկոսի և Հայոց եկեղեցու ձեռնարկումները` ուղղված ազգային շարժմանն աջակցելուն, արցախահայության ձայնը միջազգային ատյաններում լսելի դարձնելուն, աղետի գոտու և Ադրբեջանից բռնագաղթված բնակչությանը աջակցելուն: 
 
Աշակերտները ամենայն պատասխանատվությամբ, սիրով ու մեծ հետաքրքրությամբ էին պատրաստվել դասին: Նրանք պատրաստել էին պաստառներ և գրքույկներ՝  հագեցած հայրապետի մասին տեղեկություններով: Դաս-միջոցառմանը ներկա էր նաև Աբովյանի ՔԴԿ-ի պատասխանատու տիկին Ջուլիետա Ասատրյանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.