News

Քաղսիի միջնակարգ դպրոցում բեմադրվեց Հ.Թումանյանի «Անուշը»

Educational 2014-04-07

Օրերս Կոտայքի մարզի Քաղսիի միջնակարգ դպրոցում հանդիսավոր նշվեց Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 145-ամյա տարելիցը:
Դպրոցի VI դասարանի աշակերտները պատրաստել էին ներկայացում-օպերետ՝ ըստ մեծանուն բանաստեղծի ամենահայտնի ստեղծագործության՝ «Անուշը» պոեմի: Միջոցառման կազմակերպիչը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Գրիգորյանը բացման խոսքում նշեց, որ թեև երեխաները դեռևս մանրամասնորեն չեն ընկալում այս գործը, սակայն մեծ խանդավառությամբ են պատրաստվել, և հույս հայտնեց, որ հանդիսատեսին դուր կգա իրենց աշխատանքը:
 
Ներկայացման ողջ ընթացքում դահլիճի կամարների ներքո թևածում էին Արմեն Տիգրանյանի սրտահույզ մեղեդիները, իսկ երեխաների գեղեցիկ ու արտահայտիչ խոսքը, հուզիչ երգն ու պարը պարզապես թովեցին ներկաներին: Եվ զուր էր ուսուցչուհու մտավախությունը երեխաների հասունության վերաբերյալ, քանզի Թումանյանի երկը հոգեհարազատ է մեր ժողովրդին և ընկալելի բոլոր հասակների համար:
 
Այո՛, միջոցառումը հաջողված էր, որի վառ վկայությունն էին ընդհանուր հուզմունքն ու ծափողջույնները: Իսկ լեզուների և գրականության մեթոդական միավորման նախագահ Սեդա Մկրտչյանի շնորհավորանքի խոսքով ամրագրվեց այն կարևոր փաստը, որ Սուսաննա Գրիգորյանն իր երկարամյա աշխատանքային գործունեության ընթացքում պարբերաբար կազմակերպել է նմանատիպ հայապահպան-հայրենասիրական միջոցառումներ, որի համար էլ այս անգամ նա արժանացավ տնօրենության շնորհակալագրին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.