News

Բաց դաս Արտաշատ քաղաքի համար 4 հիմնական դպրոցում

Educational 2014-04-07

Օրերս ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ Արտաշատ քաղաքի համար 4 հիմնական դպրոցում անցկացվեց դասախոսություն՝ նվիրված Հովհ. Թումանյանի ծննդյան 145-ամյակին:
Դասը վարում էր անդամ Սաթենիկ Կարապետյանը ( մագիստրատուրա I կուրս): Նա հակիրճ ներկայացրեց Թումանյանի ստեղծագործական ուղին` նրա արվեստը համեմատելով հողի մեջ խոր արմատներ ունեցող ծառի հետ: Արմատները, ինչպես ներկայացրեց բանախոսը, ժողովրդական ակունքներն են, իսկ այն սնուցող կենարար աղբյուրներն են մի կողմից հայ գրականության մեծերը՝ Նարեկացի, Աբովյան, մյուս կողմից՝ համաշխարհային գրականության մեծերը՝ Հոմեր, Գյոթե, Շեքսպիր, որոնց շնորհիվ էլ ծառի սաղարթները հասնում են համամարդկայինի ոլորտին:
 
Ասվածը հիմնավորելու համար նա ներկայացրեց «Փարվանա» և «Թմկաբերդի առումը» ստեղծագործությունների ժողովրդական ակունքները, այնուհետև անդրադարձավ թումանյանական մշակման առանձնահատկություներին՝ մատնանշելով այն ճանապարհը, որով Թումանյանը ժողովրդայինի տիրույթից անցում է կատարում համամարդկայինի ոլորտը:
 
Դասին զուգահեռ ներկայացվում էին թեմային վերաբերող լուսապատկերներ:
 
Աշակերտների հետաքրքրությունը մեծացնելու նպատակով ժամանակ առ ժամանակ դասախոսությունն ընդմիջվում էր բանախոսի հարցադրումներով, որոնց տրվում էին  հետաքրքիր ու ինքնատիպ պատասխաններ: Հարցին, թե արդյո՞ք լավատեսական կարելի է համարել «Փարվանա» բալլադի ավարտը, հնչեցին տարաբնույթ կարծիքներ, որոնք ամփոփվեցին ընդհանուր եզրահանգմամբ. կյանքի իմաստը կատարելության հավերժական ձգտումն է:
 
«Թմկաբերդի առումը» պոեմի վերլուծությունն էլ ավարտվեց լավ գործի անմահությունը փառավորելու լավատեսությամբ: Դասը ամփոփվեց ԳՈՒՍ մեթոդական վարժությունով, որի միջոցով ամբողջացվեց մատուցված նյութը: Դասարանում տիրում էր թումանյանական մթնոլորտ: Թումանյանի խոսքի պարզությունն ու խորությունը գերել էին աշակերտներին: Դասին ներկա գտնվող մանկավարժները  հուզմունքով ու անթաքույց հիացմունքով էին ունկնդրում բանիմաց ուսանողուհուն՝ իրենց նախկին սանին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.