News

Արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոն Հայաստանում

Featured 2014-04-04

Հայաստանում հունիսին առաջին անգամ անցկացվելու է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոն: Փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն տեղեկացնում է, որ այն լինելու է նոր, հետաքրքիր ձևաչափի, բացօթյա ֆիլմերի փառատոն, որն անցկացվելու է և Երևանում և մարզերում:
Նա հավելեց, որ փառատոնի նպատակը ոչ միայն հոգևոր ասելիք ունեցող համաշխարհային կինոնմուշների ցուցադրությունն է, այլ նաև դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ և ազատ հանրային քննարկումների կազմակերպումը: Քննարկումներին կմասնակցեն ոչ միայն ժապավենի ստեղծողները, այլև հոգևորականներ, հոգեբաններ և ֆիլմում արծարծված խնդիրներին անմիջականորեն առնչվող մասնագետներ, ոլորտի պատասխանատուներ:
 
Շ. Նազարենկոյի խոսքով, փառատոնը կհանդիսանա նաև մեր երկրում անցկացվող մյուս փառատոնների խտացումը, որը կմիավորի թե՛ տարեցներին, թե՛ երիտասարդներին, թե՛ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց:
 
Փառատոնի հոգևոր խորհրդատու Տեր Եսայի քահանա Արթենյանի դիտարկմամբ, պետք է ընդունել, որ հասարակության մեջ կա հոգևորի հետ հաղորդակցվելու բացը և փառատոնի միջոցով փորձելու են որոշ չափով լրացնել հենց այդ բացը:
 
«Մեր խնդիրը հոգևոր արժեքների ամրապնդումն է, և սա էլ մի քայլ է, մի միջոց է այդ նպատակին հասնելու համար»,- ասաց քահանան:
 
Փառատոնի կազմկոմիտեի անդամ Աննա Կարապետյանը նշեց, որ փառատոնն ընդհանուր առմամբ տևելու է տասը օր, որի շրջանակում Երևանում և Հայաստանի տարբեր գեղատեսիլ վայրերում կազմակերպվելու են կինոդիտումներ, ինչպես նաև զանազան այլ միջոցառումներ:
 
«Արդեն ունենք մեծ քանակությամբ ֆիլմեր, արդյունքը սպասվածից ավելի մեծ էր»,- ասաց նա:
 
Այսօրվա տվյալներով, արդեն ստացվել է շուրջ 300 ֆիլմեր աշխարհի 25 երկրներից:
 
Փառատոնի ընթացքում ֆիլմերը կցուցադրվեն ինչպես մրցութային, այնպես էլ ոչ մրցութային կարգով: Փառատոնին կարող են մասնակցել խաղարկային և վավերագրական, լիամետրաժ ու կարճամետրաժ տարբեր ձևաչափերի ֆիլմեր, տեսանյութեր, որոնցում դատապարտվում են պատերազմները, բռնությունը, ազգային, կրոնական և ցանկացած այլ տիպի խտրականությունը, մարդկային գործոնների հետևանքով ծագած էկոլոգիական աղետներն ու քարոզվում խաղաղություն, հանդուրժողականություն, մարդասիրություն և համամարդկային այլ արժեքներ:
 
Շուրջօրյա բացօթյա ցուցադրությունները լինելու են անվճար: Նախատեսվում է, որ փառատոնը կլինի ամենամյա:
 
Աղբյուրը՝ www.panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.