News

«Խնայենք և պահպանենք ջուրը» թեմայով միջոցառում

Educational 2014-04-03

Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցում օրերս անցկացվեց ամփոփիչ դաս-միջոցառում «Խնայել և պահպանել ջուրը» թեմայով: «Կյանքի գոյության հիմքը կազմող կենարար հեղուկը, նրա պահպանության և մաքրության հարցը մշտապես հուզում է ամբողջ աշխարհի մարդկությանը, բնապահպաններին և բոլոր երկրների ղեկավարներին: Նրա անունը մենք արտաբերում ենք տարբեր բառակապակցություններով` խմելու ջուր, ատոմային կայաններում` ծանր ջուր, եկեղեցական արարողություններում` սուրբ ջուր, հեքիաթներում` անմահական ջուր, դեղատներում` թորած ջուր և այլն: Այս ցանկը կարելի է շարունակել անվերջ, ինչպես և անվերջ են անփոխարինելի և ամենաթանկ նյութին` ջրին նվիրված ուսումնասիրությունները, որոնցից հետո հետաքրքիր բացահայտումներ են կատարվում»,-այսպես սկսեց իր բացման խոսքը քիմիայի ուսուցչուհի Սեդա Հակոբյանը` բացելով ամփոփիչ դաս-միջոցառումը:
Այդ դասը վարում էին Աշտարակի Ն.Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի VIII դասարանի աշակերտները, որոնք ավարտել էին քիմիա առարկայից «Ջուր» թեմայի ուսումնասիրությունը: Կատարվեցին համապատասխան փորձեր` ընկեր Ղազարյանի հսկողությամբ:
 
Ամփոփիչ դաս-միջոցառմանը VIII դասարանցիների հետ մասնակցում էին նաև VII դասարանի շնորհալի աշակերտները` Լիլիթը, Աշոտը և Արթուրը, որոնք իրենց ինֆորմատիկայի ուսուցչուհի ընկեր Հովակիմյանի ղեկավարությամբ կազմել էին գեղեցիկ համակարգչային ցուցադրում, որն ավելի արդյունավետ դարձրեց միջոցառումը:
 
VIII դասարանի աշակերտները ելույթ ունեցան վստահ, գեղեցիկ խոսքով, վերջում կատարեցին եզրակացություններ և հղեցին ուղերձ ողջ մարդկությանը. «Մարդի‘կ, պահպանեք ջուրը», «Խնայե‘նք և պահպանե‘նք քաղցրահամ ջուրը» կոչերով: Ամփոփիչ դաս-միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրեն տիկին Սուքիասյանը, ուսմասվարները, ուսուցիչներ:
 
Տնօրեն Մարինե Սուքիասյանը բազում ուսանելի մտքերով կարողանում է նպատակաուղղել բոլոր առարկաների ուսուցիչներին, որպեսզի նրանք աշխատեն ստեղծագործաբար, համագործակցեն միմյանց հետ և ունենան առաջընթաց մանկավարժության և գիտական գործունեության բնագավառներում:
 
Ամփոփիչ դաս-միջոցառումից հետո աշակերտներին ջերմ, խրախուսական խոսքեր ասացին տնօրեն տիկին Սուքիասյանը, ուսմասվարները, ուսուցիչները:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.