News

Մեկնարկում է «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 7-րդ մրցույթը

Featured 2014-04-03

Մշակույթի նախարարության մամուլի բաժնից հաղորհում են, որ ս. թ. ապրիլի 5-ից մայիսի 3-ը Կոմիտասի 145-ամյակին նվիրված մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 7-րդ մրցույթ տեղի կունենա ՀՀ մարզերում, ԼՂՀ-ում և Երևանում:
«Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 7-րդ մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է 77 հայտ: Մրցույթն անցկացվում է երկու փուլով և 2 կարգով. կարգ Ա (49 հայտ) - Երաժշտական և արվեստի դպրոցների երգչախմբեր, կարգ Բ (28 հայտ) - հանրակրթական դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, հայորդաց տների, մշակութային և հասարակական կազմակերպությունների երգչախմբեր:
 
Մրցույթի առաջին փուլը կանցկացվի 2014 թ. ապրիլի 5-15-ը, երկրորդ փուլը՝ 2014 թ. ապրիլի 26-ին և 27-ին: Գալա համերգը և մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2014 թ. մայիսի 3-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
 
Մրցույթի Ա և Բ կարգերում նախատեսվում են առաջին, երկրորդ, երրորդ կարգի մրցանակներ, ինչպես նաև սահմանվում են խրախուսական մրցանակներ՝ լավագույն խմբավար, լավագույն կոնցերտմայստեր, պարտադիր ստեղծագործության (երեք անվանակարգերի) լավագույն կատարման համար:
 
Մրցույթը պատշաճ համակարգելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է գեղարվեստական խորհուրդ, կազմկոմիտե և մրցույթային հանձնաժողով:
 
Ապրիլի 2-ին, ժամը 12:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 7-րդ մրցույթին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին` ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը, «Երգող Հայաստան» մրցույթի գեղարվեստական խորհրդի և ժյուրիի նախագահ (Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ասոցիացիայի նախագահ, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն) Տիգրան Հեքեքյանը, «Երգող Հայաստան» մրցույթի կազմկոմիտեի նախագահ (Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ տեսական ֆակուլտետի դեկան, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, պրոֆեսոր) Դավիթ Ղազարյանը, «Երգող Հայաստան» մրցույթի ժյուրիի անդամ (ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ) Արմինե Ղազարյանը:
 
Մրցույթի իրականացման հարցում իրենց գործուն մասնակցությունն են բերել նաև ՀՀ մարզպետարաններն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի նախարարությունը:
 
«Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթն անցկացվում է 2001 թվականից՝ Հայաստանի, Արցախի և Ջավախքի հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների մանկապատանեկան երգչախմբերի մասնակցությամբ: Մրցույթը տարեցտարի համալրվում է նոր մասնակիցներով, որոնց կեսից ավելին ՀՀ մարզերից և ԼՂՀ-ից են (2007 թ.` 76, 2008 թ.` 110, 2009 թ.` 110, 2011 թ.` 73, 2013թ.՝ 81 մասնակից):
 
Մրցույթի շրջանակներում շուրջ 50 մանկական երգչախմբերի համար գրվել և կատարվել են խմբերգեր: Ստեղծագործությունները տպագրվել են «Մանկական խմբերգեր» ժողովածուում և տրամադրվել Երևանի, ՀՀ մարզերի և ԼՂՀ-ի մանկապատանեկան երգչախմբերին: 2012-2013 թթ. «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթի շրջանակներում, առաջին անգամ, ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետության ճանաչված և արհեստավարժ խմբավարներն անցկացրել են մարզային խմբավարների մեկշաբաթյա վարպետության դասընթացներ, որի շրջանակներում վերապատրաստվել են շուրջ 200 խմբավար:
 
Աղբյուրը՝ mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.