News

Հետաքրքիր փաստեր Փարիզի ամենաբարձր աշտարակի մասին

Featured 2014-04-01

Փարիզի Էյֆելյան աշտարակի բացման արարողությունը տեղի է ունեցել 1889 թվականի մատրի 31-ին՝ 2 տարի, 2 ամիս և 5 օր տևած շինարարական աշխատանքներից հետո:
Այն կանգնեցվել է Բաստիլի գրավման 100-ամյակի պատվին՝ 1889թ.-ի Համաշխարհային ցուցահանդեսին ընդառաջ՝ դառնալով աշխարհի ամենահեղինակավոր ու ճանաչված հուշարձաններից մեկը:
 
Էյֆելյան աշտարակի 125-ամյակի առթիվ ձեզ ենք ներկայացնում 15 հետաքրքիր փաստ՝ ամենահայտնի զբոսաշրջային կոթողներից մեկի մասին:
 
1. Աշտարակի մտահղացումը Գուստավ Էյֆելին չէր պատկանում, այլ՝ ավագ ինժեներներ Մորիս Կոեչլինին և Էմիլ Նյուգիերին, ովքեր նախագծել են այն և Էյֆելի հրահանգով ներկայացրել նախագիծը ընկերության ճարտարապետության բաժնի ղեկավարին, որի հավանությունից հետո արդեն վերափոխված տարբերակը հանձնվել է Գուստավ Էյֆելին:
 
2. Էյֆելյան աշտարակի կառուցման հետ կապված տվյալները՝ 300 աշխատակից, կռած երկաթի 18038 կտոր, 2,5 մլն գամ, 10000 տոննա քաշ, 300 մետր բարձրություն:
 
3. Աշտարակը կառուցվել է որպես ժամանակակից գիտության խորհրդանիշ: Դրա կառուցման ժամանակ իր նորամուտն էր ապրում արվեստի մեկ այլ ճյուղ՝ լուսանկարչությունը, իսկ աշտարակի բացումից հետո այն ոգեշնչման աղբյուր դարձավ բազմաթիվ լուսանկարիչների համար:
 
4. Էյֆելյան աշտարակն աշխարհի ամենաբարձր կառույցն էր մինչ 1930թ.-ը, մինչ Նյու Յորքի ''Chrysler Building'' կառույցի շինարարությունը՝ 318 մետր բարձրությամբ:
 
5. Էյֆելյան աշտարակի վերելակները նախապես չեն գործարկվել: Մայիսի 6-ին տեղի ունեցած ցուցահանդեսի ժամանակ 30000 այցելուներն ստիպված էին 1710 աստիճանները ոտքով բարձրանալ, իսկ վերելակները գործարկվել են մայիսի 26-ին:
 
6. Փարիզի բնակիչները սկզբում չէին սիրում աշտարակը՝ այն «աչքի փուշ» կոչելով: Ըստ տեղական պատմության՝ հայտնի վիպասան Գի դը Մոպասանն ասել է, որ ատում է աշտարակը, սակայն ամեն օր լանչին ճաշում էր աշտարակի ռեստորանում: Հարցին, թե ինչու է այնտեղ ճաշում, վիպասանը պատասխանել է, որ դա միակ վայրն է, որտեղից այն չի երևում:
 
7. Եղանակի հետ աշտարակի բարձրությունը տատանվում է: Քանի որ այն պատրաստված է կավածեփ (կռած) երկաթից, աշտարակի մետաղական հատվածը լայնանում է ամռան արևի ներքո՝ ստիպելով կառույցին՝ բարձրանալ ևս 17 սմ-ով:
 
8. Էյֆելյան աշտարակը նախատեսված էր օգտագործել 20 տարի, սակայն Ֆրանսիայի կառավարությունն այն սկսեց օգտագործել ռադիոհաղորդակցության և հետագայում՝ հեռուստահաղորդակցության համար, իսկ երբ արտոնագրի ժամկետը սպառվեց՝ 1909թ.-ին, Փարիզի քաղաքային խորհուրդը որոշեց պահել այն:
 
9. Աշտարակը ողջ երկայնքով միագույն չէ: Մթնոլորտային երևույթներին հակազդելու համար այն մուգ է ներկված գագաթի հատվածում և ատիճանաբար ավելի բաց՝ ստորին հատվածներում:
 
10. Յոթ տարին մեկ 50-60 տոննա ներկ է կիրառվում՝ աշտարակը ժանգոտումից պաշտպանելու համար:
 
11. Էյֆելյան աշտարակը պարզապես զբոսաշրջային կոթող չէ: Այնտեղ գործում է թերթի խմբագրություն, փոստի բաժանմունք, գիտական լաբորատորիաներ, թատրոն, իսկ առաջին հարկն ամեն տարի վերածվում է սահադաշտի:
 
12. Այն աշխարհի ամենից շատ այցելվող հուշարձաններից է, որը տարեկան գրավում է 7 մլն այցելուի, 75 տոկոսը՝ արտասահմանից:
 
13. Պատերազմի ժամանակ Փարիզը գերմանացի օկուպանտներին հանձնելուց առաջ ֆրանսիացիները կոտրում են աշտարակի վերելակը, որպեսզի նվաճողները չկարողանան հիանալ պարտված քաղաքի տեսքով։ Սակայն թշնամիներին դա չխանգարեց, իսկ Հիտլերն անձամբ աշտարակի գագաթը բարձրացավ ոտքով։
 
14. 1925-ից 1934 թվականներին աշտարակի չորս կողմը փակցվել են ''Citroën'' ընկերության գովազդային վահանակները։ Այն ժամանակ դա ամենամեծ արտաքին գովազդն էր։
 
15. Այժմ աշտարակը պաշտոնապես պատկանում է քաղաքին։ Իր գոյության 83 տարիների ընթացքում այն ավելի քան 20 անգամ վաճառվել է, ընդ որում, երկու անգամ որպես մետաղի ջարդոն։
 
Սկզբնաղբյուրը՝ www.businessinsider.com

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.