News

Միջոցառում Զոլաքար գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում

Educational 2014-03-25

ՀՀ սփյուռքի նախարարության՝ Հայաստան-Սփյուռք գործակցության պետական քաղաքականության շրջանակում իրականացվող «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկված Հ. Թումանյանի 145-ամյակին նվիրված՝ Զոլաքար գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում կազմակերպվեց գրական երաժշտական ցերեկույթ:
Դահլիճը լցված էր թումանյանական շնչով: Մի կողմում Լոռվա չքնաղ բնությունն էր, Թումանյանի աշխարհը՝ իր բարձր սարերով, սառնորակ աղբյուրներով, հազարագույն ու հազարաբույր ծաղիկներով, մյուս կողմում Թումանյանի տոհմածառն էր, ծնողների ու տասը զավակների նկարները: Դահլիճի մի անկյունը կահավորված է գրողի ապրած ժամանակաշրջանը ներկայացնող իրերով՝ հին հայկական կարպետներ, կուժ ու կուլա, ճրագակալ, երկանք, ձեռագործ ժանյակներ:
 
Միջոցառման ընթացքում հնչեցին Թումանյանի բանաստեղծությունների խոսքերով գրված երգեր, իսկ նրա խոհական ու հայրենասիրական բանաստեղծությունների ընթերցումները, միահյուսված ազգային երգ ու պարին, հուզեցին ներկաներին: Առանձնապես ուշադրության էին արժանի «Քաջ Նազարը» հեքիաթից և «Անուշ» պոեմից ներկայացված դրվագները:
 
Թումանյանական շունչը մի պահ թևածեց սրահում ու կտրեց ներկաներին առօրյա հոգսերից՝ տանելով նրանց գրքի ու հեքիաթի, վեհության ու կարեկցանքի, սիրո ու քնքշանքի աշխարհը: Միջոցառման ավարտին հանգամանալից խոսքով հանդես եկան «Նվիրիր գիրք» նախաձեռնությանը մասնակից աշակերտները: Շնորհակալություն հայտնեցին այն մարդկանց, ովքեր աջակից եղան և գրքեր նվիրեցին իրենց նորաստեղծ գրադարանին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.