News

Միջոցառում՝ նվիրված Կանանց միջազգային օրվան

Educational 2014-03-18

Օրերս Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվեց միջոցառում՝ նվիրված Կանանց միջազգային օրվան: Միջոցառման կազմակերպիչ Ս. Մկրտումյանը, շեղվելով ավանդականից, ներկայացրեց հայ նշանավոր բանաստեղծների սիրելի կանանց, որոնք կյանքի տարբեր շրջաններում ներշնչանքի աղբյուր են դարձել նրանց համար:
Միջոցառման նպատակն էր գրողի անձնական կյանքի այն մանրամասները ներկայացնել, որոնք կարևոր դեր են խաղացել նրա այս կամ այն ստեղծագործության ստեղծման համար:
 
Երեխաները ներկայացրին Իսահակյանի կյանքի վեպը՝  սկսած խաղընկերուհի Զարոյի նկատմամբ տածած սիրուց մինչև Շուշիկ ու Աննիկ, կյանքի ընկեր Սոֆիկ: Ներկայացրին Շուշիկի թոռնուհու հուշերը Իսահակյանի՝  տատիկին վերջին այցի մասին, որից հետո հուզմունքով երգեցին «Տարիներ հետո» երգը:
 
Ուշադրությունից դուրս չմնացին Տերյանն ու Չարենցը, Սևակն ու արևմտահայ բանաստեղծներ Վարուժանն ու Ռուբեն Սևակը: Սևակի «Էստոնական երգի» երաժշտության հնչյունների ներքո նազանքով պարեցին աղջիկները:
 
Ներշնչանքով արտասանեցին Չարենցի «Հեռացումի խոսքեր»-ը՝ նվիրված Կարինե Քոթանճյանին:
 
Աշակերտներին մեր մեծերին ավելի մոտեցնելու համար Իսահակյանի խոսքերով ստեղծված «Սիրեցի, յարս տարան» երգը ներկայացվեց Օֆելյա Համբարձումյանի կատարմամբ:
 
Ողջ ցերեկույթի ընթացքում գրականությունը, երգն ու պարը, նորագույն տեխնոլոգիաների միջոցով ներկայացվող ցուցադրումները, միմյանց շաղախված, հաճելի պահեր պարգևեցին ունկնդիրներին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.