News

Մրցույթ-վիկտորինա Դդմաշենի միջնակարգ դպրոցում

Educational 2014-03-10

Դդմաշենի միջնակարգ դպրոցում աշխարհագրության ուսուցչուհի Լ. Ներսիսյանը անցկացրեց վիկտորինա` նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 145 ամյակին: Վիկտորինային մասնակցում էին VII – X դասարանների աշակերտները: Ժյուրիի կազմում ընդգրկված էին դպրոցի տնօրեն Ս. Գալստյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցիչները և Դդմաշեն համայնքի գրադարանի տնօրեն Ֆ. Գրիգորյանը:
Վիկտորինայի անցկացման համար նախապատրաստվել էր համակարգչային ցուցադրություն, որտեղ ներառված էին հարցեր Մեծ բանաստեղծի կյանքի, գործունեության, ստեղծագործությունների վերաբերյալ: Ներառված էին հայ մեծերի խոսքերը Թումանյանի մասին: Հնչեցին Թումանյանի խոսքերով գրված երգեր: Աշակերտները մասնակցեցին մեծ ոգևորությամբ և դրսևորեցին ակտիվություն, թվարկեցին նաև այն աշխարհագրական տեղանունները, որոնք գործածված են Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում:
 
Մինչ ժյուրին կամփոփեր արդյունքները, շնորհալի ասմունքողները ներկայացրեցին հատվածներ Թումանյանի ստեղծագործություններից: Ժյուրիի որոշմամբ հաղթողներ ճանաչվեցին առավելագույն միավորներ հավաքած IX դասարանի աշակերտ Ցոլակ Հակոբյանը և VII դասարանի աշակերտուհի Մարի Մկրտչյանը, որոնց որպես մրցանակ դպրոցի տնօրենը գրքեր նվիրեց:
 
Ս. Գալստյանը և Ֆ. Գրիգորյանը բարձր գնահատանքի արժանացրին միջոցառումը և Թումանյանի խոսքերով պատգամներ ուղղեցին աշակերտներին: Միջոցառումը եզրափակեց Լ. Ներսիսյանը` մեկ անգամ ևս արժևորելով Թումանյանի անգնահատելի դերը հայ ժողովրդի կյանքում. «Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները մեզ հետ են միշտ` մեր անհատական և ազգային կյանքի բոլոր ճանապարհներին և ճանաչողության փուլերում: Թումանյանը եկավ մեկ անգամ, սակայն հանճարի իր հավերժական ճանապարհորդության մեջ վերադառնում է նորից ու կրկին` յուրաքանչյուր սերնդի հետ և ուղեկցում մեզ մեր անցած ու անցնելիք բոլոր ճանապարհներին»:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.