News

Միջոցառում Վանաձորի թիվ 17 ավագ դպրոցում

Educational 2014-03-10

Օրերս տոնական տրամադրություն էր թևածում Վանաձորի թիվ 17 ավագ դպրոցում: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Սիմոնյանը 10-12-րդ դասարանի լավագույն աշակերտների մասնակցությամբ կազմակերպել էր «Մեր հավերժի բանալին մեր լեզուն է» խորագրով ցերեկույթ՝ նվիրված մայրենի լեզվի միջազգային օրվան:
Միջոցառման նպատակն էր մի անգամ ևս արժևորել, սեր, հպարտություն ու հոգատարություն դրսևորել մայրենի լեզվի նկատմամբ:
 
Ուսուցչուհին  տոնի առթիվ շնորհավորեց բոլորին, նշեց տոնի նշանակությունը և միջոցառման նպատակը: Ցանկացավ, որ հայոց լեզուն գիտակցվի որպես ազգային բարձրագույն արժեք, որ աշակերտները էլ ավելի սիրեն և արժեվորեն, լավ սովորեն, ճիշտ խոսեն, անաղարտ պահեն մեր ոսկեղենիկ ու քաղցրաբար հայոց լեզուն: Այնուհետև աշակերտները ներկայացրեցին մայրենի լեզվի դերն ու նշանակությունը մարդու համար, արտասանեցին բանաստեղծություններ, մեջբերեցին գնահատանքի ու հիացմունքի խոսքեր, հայ և օտարազգի նշանավոր մարդկանց ասույթներ հայոց լեզվի մասին: Հնչեցին ներ երգեր: Գեղեցիկ ասմունքը ուղեկցվում էր Տիգրան Մանսուրյանի հոգեզմայլ երաժշտությամբ և Հայաստանի տեսարժան վայրերի ցուցադրությամբ: Միջոցառումն ավարտվեց շուրջպարով:
 
Տոնական մթնոլորտն ապահովված էր, և աշակերտները հասկացան, որ հայոց լեզուն ամենօրյա հոգածության կարիք է զգում, որ չպետք է հանդուրժենք որևէ կամայական վերաբերմունք և ոտնձգություն մեր հրաշալի լեզվի նկատմամբ: Որոշվեց, որ միջոցառումը դառնա ավանդական, և հետայսու դպրոցում ամեն տարի փետրվարի 21-ը նշվի որպես մայրենի լեզվի միջազգային օր:
 
«Մայրենի լեզուն մի գանձ է, որին չի կարող փոխարինել աշխարհի ոչ մի հարստություն: Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տարվում է ամեն մի պատահական քամուց»: (Ստ. Զորյան)

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.