News

Երևանում մեկնարկում է Kaspersky Lab-ի միջազգային ուսանողական կոնֆերանսը

Featured 2013-02-21

Ս.թ. փետրվարի 21-ին և 22-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) տեղի կունենա «Kaspersky laboratory» ընկերության կողմից անցկացվող տեղեկատվական անվտանգության հարցերով «IT Security for the next Generation 2013» ուսանողական 6-րդ միջազգային կոնֆերանսի «Ռուսաստան և ԱՊՀ երկրներ» փուլը:

Եզրափակիչ փուլը տեղի կունենա այս տարվա հունիսին, Լոնդոնում, որին կմասնակցեն Հարավային Ամերիկայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ասիայում ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ Ռուսաստանում ու ԱՊՀ երկրներում մինչ այդ կայացած ընտրական հինգ փուլերի հաղթողները։ 

Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը ասել է Kaspersky Lab-ի կրթական նախաձեռնությունների դեպարտամենտի ղեկավար Վենիամին Գինոդմանը, ամենամյա կոնֆերանսի “Ռուսաստան եւ ԱՊՀ երկրներ” փուլը նախկինում միշտ անցկացվում էր Մոսկվայում եւ այս անգամ այն առաջին անգամ որոշվել անցկացնել Երեւանում՝ հաշվի առնելով Հայաստանի ակտիվ մասնակցությունը ընկերության այս նախաձեռնությանը:
 
Կոնֆերանսին կմասնակցեն ուսանողներ Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի բուհերից: Կներկայացվի թվով 14 զեկույց, որոնցից 10-ը՝ հայաստանյան ուսանողների կողմից (7-ը ՀՊՃՀ ուսանողներ են): 
 
Kaspersky Lab-ի ռուսաստանյան հետազոտական կենտրոնի ղեկավար Սերգեյ Նովիկովն ասել է, որ այս կոնֆերանսն ուսանողներին հնարավորություն կընձեռի կենդանի շփում ունենալ տեղեկատվական անվտանգության բնագավառի առաջատար մասնագետների հետ, միջազգային շփման փորձ կուտակել, կատարել փորձի եւ գիտելիքի փոխանակում, ինչպես նաեւ մասնագիտական հմտություններ ձեռք բերել: Կոնֆերանսի աշխատանքային լեզուն անգլերենն է։ 
 
Այս տարի ուսանողական աշխատանքների թեմաներն են «նոր հարթակներ. նոր մարտահրավերները», «ամպային համակարգերի, վիրտուալացնող ծառայությունների եւ տեղեկատվության մեծ ծավալների մշակման ենթակառուցվածքների անվտանգությունը», «տեղեկատվության պաշտպանության հեռանկարային տեխնոլոգիաները», «կորպորատիվ ենթակառուցվածքի անվտանգությունը» եւ «տեղեկատվական անվտանգության բնագավառի կրթությունը»։
 
Կոնֆերանսի լավագույն 3 աշխատանքների հեղինակները կարժանանան դրամական մրցանակների և կմեկնեն Լոնդոն՝ եզրափակիչ փուլին մասնակցելու համար։ 
 
Հաղթողների համար նախատեսված են հետեւյալ դրամական մրցանակները. 1-ին տեղ՝ 1000 ԱՄՆ դոլար, 2-րդ տեղ՝ 750 ԱՄՆ դոլար և 3-րդ տեղ՝ 500 ԱՄՆ դոլար։ 
 
ՀՊՃՀ Տեղեկատվական անվտանգության եւ ծրագրային ապահովման ամբիոնի համագործակցությունը “Kaspersky laboratory” ընկերության հետ ունի 6 տարվա պատմություն: Ամբիոնն անդամակցում է նաև Կասպերսկու ակադեմիային, ինչը հնարավորություն է տալիս արտոնյալ պայմաններով օգտվել ընկերության ծրագրերից և գործիքներից, ինչպես նաև ժամանակակից ուսումնական պաշարներից:
 
Աղբյուր` www.itel.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.