News

Միջոցառում թիվ 1 հիմնական դպրոցում

Educational 2014-03-07

Ջերմուկի թիվ 1 հիմնական կրթարանի սրահում հավաքվել են 3-րդ դասարանցիները: Նրանք հավաքվել են «Միմյանց գիրք նվիրելու» տոնի երկրորդ փուլի առիթով՝ իմաստավորելու, վերլուծություններ և կշռադատումներ կատարելու համար:
Սկսվում է ցերեկույթը, ուսուցչուհի Գրիգորյանը կիրառելով «մտագրոհը» խթանման փուլում երեխաների միջոցով վերծանում է այն լրջագույն գաղափարը, թե ինչ է իրենից ներկայացնում այս տոնը, ինչ է նշանակում միմյանց գիրք նվիրելը:
 
Բարձրաձայնեցին նոր ձևավորված արժեքները. «նորանոր շատ բաներ իմացա», «հիացա», «կրթվեցի», «զարմացա», «հասկացա» և այլ մտքեր:
 
Իմաստավորման փուլն առավել հետաքրքիր էր և բովանդակալից, զույգերը հակիրճ, լակոնիկ ոճով ներկայացնում էին այն ստեղծագործությունների բովանդակությունը, որոնք նվիրել էին իրենց: Աշխատանքի այս ձևը վերածվեց հրաշալի երկխոսության և զույգերով աշխատանքի: 3-րդ դասարանցիներն այս կարճ ժամանակի ընթացքում հասցրել էին բեմականացնել Վիլյամ Սարոյանի «Կույր մարդը» ներկայացումը:
 
Կյանքում և այսօր, թ՛ե տանը, թ՛ե դպրոցում, թ՛ե հասրակության մեջ կան արժեքավոր և իմաստուն գաղափարներ, որոնք օգնում են մեզանից յուրաքանչյուրին ճիշտ քայլել, չսխալվել, միմյանց օգնել և աջակցել, լինել քաղաքավարի, կիրթ, լինել ազնիվ ու շիտակ:
 
Ընթերցված գրքերի  հեքիաթների, պատմվածքների ու ասացվածքների շարանը ձգվում էր ու ձգվում էր դեպի բյուրավոր անթափանց հեռուներ:
 
Ցերեկույթ ուներ վեհ ու վսեմ գաղափար, որն այնքան խորությամբ վեր հանեցին փոքրիկները կշռադատումներ կատարելիս. «էլ ավելի շատ սիրեցի գիրքը, գիրքը դարձավ իմ լավ բարեկամը, խորհրդատուն և ընկերը, հասկացա, որ աշխատասիրությամբ կարելի է հասնել շատ ու շատ հաջողությունների, ինձ համար մեծ արժեք է իմ մայրենին, ուրեմն պետք է անաղարտ ու մաքուր պահենք մեր մայրենին: Եվ որ շատ կարևոր է այն պահպանենք և հանձնենք մեզանից փոքրերին...»
 
Հնչեց նաև այն իմաստուն միտքը. «Երբ սիրում ես գիրքը, ընթերցասեր ես, ուրեմն սիրում ես քո հայրենիքը, քո բակը, քո դպրոցը, քո ընկերներին և բոլոր նրանց, ովքեր քո կողքին են , նաև քեզանից շատ հեռու են»:
 
Ցերեկույթը հայեցի դաստիարակության մի սքանչելի տոն էր, որտեղ արտաբերված յուրաքանրյուր բառ ու խոսք մետաքսի թելերով կապված էր մայրենիի ու գրքի հետ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.