News

«Մեծ լոռեցին» խորագրով միջոցառում Սևանի թիվ 1 դպրոցում

Educational 2014-03-07

Թումանյանը...ինչպես ինքը կասեր՝ հանճարի կնիքը ճակատին, ժողովրդի զգացմունքը սրտում, լույսը հոգու մեջ, պատմությունը թիկունքին, ապագան ու գալիքը՝ աչքի առաջ, ամենքի հետ ապրում ու ամենքի չափ տառապում էր:
Այս տարի նշվում է Թումանյանի ծննդյան 145 ամյակը: Սևանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում նույնպես մեծ շուքով նշվեց այդ օրը: Տոնականորեն զարդարված դահլիճում փակցված էին թումանյանական խրատներ, խորհուրդներ ու քառյակներ: Բեմի վրա ստեղծվել էր գրական-երաժշտական կոմպոզիցիա:
 
«Անուշ» նախերգանքի հնչյունների տակ սկսվեց միջոցառումը: Ասմունքն ու երգը հաջորդում էին միմյանց: 4-րդ դասարանի  աշակերտները բեմադրեցին «Քաջ Նազար» հեքիաթից մի հատված: Հետքարքրիր էր նաև «Անուշ» պոեմի համբարձման տեսարանի բեմականացումը:
 
Իր գեղեցիկ ձայնով ներկաներին հիացրեց 7-րդ դասարանի աշակերտուհի Քրիստինե Անդրիկյանը: Բոլոր ներկաները՝ դպրոցի տնօրենությունը, ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները մեկ անգամ ևս զգացին մեծ լոռեցու շունչը, նրա իմաստուն խրատներն ու քառյակներն էլ ապացուցեցին, որ նա մեր ոգու Աստվածաշունչն է ու մեր կյանքի հանրագիտարանը, մեր հարազատ հողն է ու բնությունը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.