News

Արգավանդի միջնակարգ դպրոցի աշակերտները այցելեցին պանթեոն

Educational 2014-03-03

Արարատի մարզի Արգավանդի միջնակարգ դպրոցի 6-8-րդ դասարանի աշակերտները դպրոցի ավանդույթի համաձայն, այս տարի ևս այցելեցին Եռաբլուր: Տարիներ շարունակ այս օրը նրանք երթով, դպրոցից այնտեղ են գնում իրենց սերն ու հարգանքը, մեծարանքը արտահայտելու քաջարի ֆիդայապետ Անդրանիկ Օզանյանին:
Արարողակարգից հետո ելույթ ունեցան 6-րդ դասարանի աշակերտները: Վրեժը, Գրիշան, Սամվելը և մյուսները մանրամասը պատմեցին Անդրանիկ Թորոսի Օզանյանյանի կենսագրությունը:
 
Աշակերտները մեծ հպարտությամբ նկարագրեցին 1899թ. Անդրանիկի՝ երկրում գործող ֆիդայական խմբերի ընդհանուր առաջնորդ ընտրվելուց հետո, կատարած առաջին քաջագործության մասին: Այն է.Բշարե Խալիլի ահաբեկումն ու սպանությունը, որով
նա փառքի և անվան արժանացավ ոչ միայն հայերի,այլև թուրքերի ու քրդերի շրջանում, որոնք նրան կնքեցին «փաշա» անունով:
 
Գեղեցիկ խոսքով, հպարտությամբ տասներկու ամյա տղաները՝ Սամվելը, Նարեկը, Արտյոմը, Ալբերտը նկարագրեցին Մշո Առաքելոց վանքի կռիվը: Նրանցից յուրաքանչյուրը մեծ հուզմունքով պատմեց 6000 –անոց օսմանյան բանակի դեմ ելած 30 ֆիդայիների հաղթանակի մասին:
 
Վարդանը պատմեց, որ բազմաթիվ ճակատամարտերում կռված ու հաղթած Օզանյանին փառք ու ժողովրդականություն բերեցին Աշնակի, Մոլլա Հասանի, Վայոց ձորի, Աղթամարի, Դիլմանի ճակատամարտերը: Ռուբենն ու Համլետը պատմեցին, թե ինչպես է Անդրանիկ Օզանյանը1919թ.-ի ապրիլին հասնելով Էջմիածին, ցրել իր զորամասը, ունեցվածքը հանձնել Կաթողիկոսին և մեկնել Թիֆլիս, ապա արտասահման: Երեխաների շուրթերից հնչած Շահան Շահնուրի խոսքերը դեռ երկար կհնչեն ներկաների սրտերում. «Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում նվաճել է 4 գագաթներ՝ Սուրբ Մեսրոպ,Կոմիտաս, Կաթողիկե և Անդրանիկ»:
 
Երեխաների խոսքն արժևորվեց գուսան Հայկազունու հետ հանդիպումով, նրա երգերի կատարումով:
 
Աշակերտները ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի համագյուղացի Մարտուն Վարդանյանի՝ Ալիի գերեզմանին, խոնարհումով հիշեցին Եռաբլուրում անմահացած Արմեն Հովհաննիսյանին և մյուսներին:
 
Արգավանդի դպրոցում այդ օրվա հայրենասիրության դասը հաջողվել էր: Տունդարձին աշակերտները հպարտ էին, կարծես հերոսացած, կարծես Զորավարի փառքն ու ուժը նրանց էր փոխանցվել:
 
Հավերժ փա՜ռք և նոր վերածնունդ Զորավարի հոգուն, քանզի մենք դեռ ելնելու ենք ազգային-ազատագրական նոր պայքարի, որտեղ Անդրանիկի վսեմ ու քաջ հոգին պետք է թևածի նորանոր հայ քաջերի կողքին…

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.