News

Վիկտորինա-մրցույթ Վաղարշապատի թիվ 9 դպրոցում` նվիրված հայոց բանակին

Educational 2014-02-28

Օրերս Վաղարշապատի Ռ. Պատկանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցում օրը տոնական էր: Դպրոցի աշակերտական խորհուրդը եռուզեռի մեջ էր: Աշակերտները հուզված էին ու անհամբեր, պատրաստ պայքարի ու հաղթանակի:
Վիկտորինա-մրցութը` նվիրված hայկական բանակին, նրանց անխոնջ աշխատանքի արգասիքն էր: Հաղորդավարուհին հանդիսավորությամբ  ներկայացրեց մրցող թիմերին` «Ապագան կերտողներ» ( IX «ա»), «Նժդեհիկներ» (IX «բ»), «Հայրենիքի զավակներ» (VIII):
 
Թիմը` դասարանից 7 լավագույն աշակերտ, ներկայացրին առաջին հանձնարարականը` սահիկահանդես, որը նվիրված էր Հայկական բանակի կազմավորման 22-ամյակին: Աշխատանքներն ունեին ճանաչողական բնույթ. աշակերտներն աշխատել էին մեծ ջանասիրությամբ` ներդնելով թե’ գիտելիք, թե’ ճաշակ: 
 
Մրցույթի Il փուլում թիմերը ներկայացրին հումորային մանրապատումներ բանակի առօրյայից, հնչեցին ռազմաշունչ հայրենասիրական երգեր: Յուրօրինակ էր «Նժդեհիկներ» թիմի երաժշտական համարը. գեղեցիկ պարը` դուդուկի զուգակցությամբ, ջերմորեն ընդունվեց բոլորի կողմից:
 
III փուլում հնչեցին վիկտորինայի ռազմագիտական, բնագիտական և բազմակողմանի այլ գիտելիքների իմացություն պահանջող հարցեր:
 
Հաջորդ փուլում ներկայացված ցուցապաստառներում հերոսը զինվորն էր:
 
Մրցույթը եզրափակվեց ասմունքով: Իր անթերի առոգանությամբ լավագույն ասմունքող ճանաչվեց «Հայրենիքի զավակներ» թիմից Լ. Խաչատրյանը:
 
Ժյուրին ամփոփեց արդյունքները. հաղթող ճանաչվեց «Ապագան կերտողներ» թիմը:
 
Վիկտորինա-մրցութի կայացմանը նպաստել էին աշակերտական խորհուրդը, տնօրենի տեղակալ Ս. Մարկոսյանը, զինղեկ Ա. Տերտերյանը և համակարգչային օպերատոր Վ. Վարդանյանը: Վիկտորինա-մրցութը հայրենասիրական շեշտադրությամբ ներհուն գիտելիքների հետաքրքիր դրսևորում էր:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.