News

Երևանի թիվ 91 դպրոցը` Հայաստանի ազգային պատկերասրահում

Educational 2014-02-25

Օրերս «Dasaran.am» կրթական ծրագրի նախաձեռնությամբ և հրավերով Երևանի թիվ 91 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները դասղեկի` Ա. Հարությունյան, և ծնողխորհրդի նախագահ Շ.Մկրտչյանի ուղեկցությամբ այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ:
Այցելությունը հրաշալի տպավորություն թողեց աշակերտների վրա: Այն հնարավորություն էր հայկական մշակույթի համակող միջավայրում ծանոթանալու ազգային կերպարվեստի և դեկորատիվ արվեստի երախտավորների հոյակապ գլուխգործոցներին, հիանալու Հովնաթանյանների վարպետությամբ, Հ.Այվազովսկու աներևակայելի տաղանդով ու լավատեսությամբ, զգալու Մ.Սարյանի` արև-հայրենիքի նկատմամբ տածած անսահման սերը, վայելելու Գ. Բաշինջաղյանի, Փ. Թերլեմեզյանի ու Հ. Կոջոյանի բնապատկերների անհոգ խաղաղությունը, հասկանալու Վ. Սուրենյանցի թեմատիկ ընտրությունն ու Մինասի ինքնատիպությունը…
 
Մեծ հետաքրքրություն առաջացրին արդի կերպարվեստի Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության ներկայացուցիչների բազմաոճ ու  բազմաժանր ստեղծագործությունները (Ժանսեմ, Գառզու, Է. Շահին, Տ. Փոլադ, Փ. Միրզոյան, Ա. Իսաբեկյան,Վ. Վարդանյան և ուրիշներ):
 
Առանձնահատուկ անջնջելի այս տպավորությունների ակունքը, անշուշտ, հայկական դասական արվեստի` վաղնջական որմնանկարների և միջնադարյան մանրանկարչության եզակի նմուշներ էին:
 
Հիացմունքի, զարմանքի ու հպարտության զգացումները դժվարությամբ էին զիջում իրար մի սրահից մյուսն անցնելիս:
 
Այցելությունն ունեցավ թե՛ ճանաչողական, թե՛ դաստիարակչական անհերքելի նշանակություն:
 
«Dasaran.am» կրթական ծրագրի նման նախաձեռնությունները կրում են շարունակական բնութ, և հաջորդը կարող է լինել քո դպրոցը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.