News

Բաց դաս` Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում

Educational 2014-02-25

Ակնալճի միջնակարգ դպրոցի XΙ «ա» դասարանում անցկացվեց բաց դաս` հասարակագիտություն առարկայից, որը կրում էր «Ընտանիք» խորագիրը: Հասարակագիտության ուսուցչուհի Ք. Սաղոյանի կողմից նպատակ էր դրվել` աշակերտների միջոցով ներկայացնել.
- ՀՀ ընտանեկան իրավունքը որպես իրավունքի առանձին ճուղ:
- Ամուսնությունը որպես տղամարդու և կնոջ կամավոր միություն:
- Ամուսնության կնքման պայմաններն ու արգելքները:
- Ծնողների իրավունքներն ու պարտականությունները երեխաների դաստիարակման գործում:
 
Բաց դասը սկսվեց ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածով, որտեղ նշվում էր, որ ընտանիքը հասարակության հիմնական և բնական բջիջն է:
 
Աշակերտներին ուսուցչուհին բաժանեց թերթիկներ, որում յուրաքանչյուրը պետք է ներկայացներ ընտանիքի պահպանման կարևոր նորմերը: Ամփոփելով աշակերտների պատկերացումնները, ներկաները հանգեցին այն եզրակացության, որ ընտանիքում պիտի իշխի փոխադարձ սերը, հավատարմությունը, հարգանքը, նվիրումը, ջերմությունը, հոգատարությունը և իրավահավասարությունը:
 
Աշակերտները կնոջը պատկերեցին արևի տեսքով, որը միշտ իր հեզությամբ ու ջերմությամբ լուսավորում է ընտանիքը, իսկ տղամարդուն պատկերեցին տանիքի տեսքով, որտեղ ընտանիքի անդամները պիտի լինեն ապահով և պաշտպանված:
 
Ընտանիքում իրավահավասարության մասին խոսելիս աշակերտները մեջբերեցին Խրիմյան հայրիկի խոսքերը. «Տունը և ընտանիքը մի փոքրիկ թագավորության երկիրն ու սահմանն են, որի նահապետական աթոռին նստում են ծնողները: Հայրն իբրև թագավոր և մայրն իբրև թագուհի կառավարում են ընտանիքը: Սույն ընտանեկան պալատի ու թագավորության մեջ ո'չ ոստիկան կա, ո'չ սուր, ո'չ բռնություն, ո'չ գավազան, այլ այդ բոլորի տեղ հայրական սերն ու մայրական գորովն է: Դաստիարակությունն ու խրատը ծնողների կենդանի օրինակն է»:
 
Այնուհետև աշակերտները կարևորեցին ընտանիքի դերը հասարակության կյանքում, դարձյալ հավելելով Խրիմյան հայրիկի հետևյալ խոսքերը. «Ժողովուրդը եթե առաջադիմում է, ապա իր առաջին քայլերն առնում է ընտանեկան սրահից, եթե լուսավորվում է, իր լույսն ընտանեկան ճրագից է»:
 
Հայկական ընտանիքի ամրության ու հարատևման գործում աշակերտները կարևորեցին եկեղեցու ազգապահպան դերն ու նշանակությունը: Ընտանիքի ստեղծումն իրականացվում է եկեղեցում կատարվող Սուրբ պսակի միջոցով, որը դասվում է հայ եկեղեցու 7 խորհուրդների շարքը: Պսակը և ամուսնությունը մաքուր կյանքի, ընտանեկան հավատարմության և ընտանիքի սրբության խորհրդանիշ է:
 
Դասի ավարտին ուսուցչուհին ընթերցեց նամակ «Անհայտ հեղինակի կողմից», որիը ուղեկցվեց Շուշան Պետրոսյանի «Մայրիկ» երգով:
 
Դասն ուսուցողական և դաստիարակչական նշանակություն ուներ, որից իրենց պտուղները կքաղեն աշակերտները և կկիրառեն իրենց հետագա կյանքում:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.