News

Դդմաշենի միջնակարգ դպրոցում աշակերտները միմյանց գիրք էին նվիրում

Educational 2014-02-24

Օրերս Հայաստանում նշվում է գիրք նվիրելու տոնը, որից անմասն չմնաց նաև Գեղարքունիքի մարզի Դդմաշենի միջնակարգ դպրոցը: Դպրոցի գրադարանավար Մարիետա Արսենյանը անցկացրեց միջոցառում նվիրված գրքին և գիրք նվիրելու տոնին:
Տոնի խորհուրդը կապված է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի անվան հետ և նշվում է հենց նրա ծննդյան օրը, քանի որ Թումանյանը շատ է սիրել գրքեր և գնել է մի քանի օրինակից, որպեսզի նվիրի: Միջոցառման ընթացքում աշակերտները կարևորեցին գրքի դերն ու նշանակությունը, հորդորեցին սիրել և պահպանել գիրքը, շատ կարդալ և ճամփորդել գրքի թևերով:
 
Հնչեցին ասույթներ և բանաստեղծություններ` նվիրված գրքին: Միջոցառումը ավարտվեց հետևյալ խոսքերով. «Դարձիր նրա ընկերը և նա կդառնա քո ուղեկիցը: Ընծայիր և ստացիր», որի շարունակությունը գիրք նվիրելու արարողությունն էր դպրոցի տնօրեն Ս. Գալստյանի և Սևանի  ՆԳ բաժնի ոստիկանության աշխատակցի կողմից: Նրանք պատգամեցին աշակերտներին սովորել և կարդալ, ամեն ինչից բարձր գնահատել, ամեն ինչից թանկ ու նվիրական պահել ու պահպանել մեր ամենամեծ ու միակ անկործանելի գանձը` գիրքը:
 
Նախկինում միմյանց գիրք նվիրելը գեղեցիկ ավանդույթ էր և լավ գիրքը ամենացանկալի և հաճելի նվերների շարքում էր: Միջոցառման նպատակն էր վերականգնել այս վաղեմի գեղեցիկ ավանդույթը և այն դարձնել շարունակական:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.