News

«Միսս և միստր բնագիտություն-2014» մրցույթ թիվ 23 հիմնական դպրոցում

Educational 2014-02-21

Օրերս Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Միսս և միստր բնագիտություն-2014» մրցույթ` 7-9-րդ դասարանի աշակերտների միջև:
Մրցույթը մաթեմատիկա և բնագիտական առարկաներից աշակերտների գիտելիքների, հմտությունների և կարողությունների ստուգատես էր, համեմված հումորով և գեղարվեստական համարներով, որոնք կապված էին այս կամ այն առարկաների հետ: Աշակերտները վիճակահանությամբ կազմեցին թիմեր՝ ըստ բնագիտական առարկաների:
 
Մրցույթը բաղկացած էր մի քանի փուլից՝
1. Բնագիտական պանտոմիմա
2.Գեղարվեստական փուլ
3. Ինտելեկտուալ մրցույթ
4.Բնագիտական նորաձևություն
 
Առաջին փուլի ժամանակ աշակերտները փորձում էին գուշակել որևէ բնագիտական առարկա կամ երևույթ: Շատ հետաքրքիր և ծիծաղաշարժ էր «Երկրաշարժ» երևույթի պանտոմիման:
 
Երկրորդ փուլում թիմերը երգի կամ ասմունքի միջոցով ներկայացնում էին որևէ բնական երևույթ: Այս փուլում բացահայտվեցին աշակերտների դերասանական հմտությունները: Մեծ աշխուժություն առաջացրեց մաթեմատիկայի «Պի» թիմի երգը՝ «2*2=4»:
 
Երրորդ փուլը ինտելեկտուալ պայքար էր: Հարցերը թաքնված էին բնագիտությունը բնորոշող պատկերների տակ: Թիմերն ընտրում էին պատկերը, էկրանին ցուցադրվում էր հարցը ձայնի ուղեկցությամբ:Թիմերը փորձում էին արագ պատասխանել էկրանից տրվող հարցերին՝ դրսևորելով իրենց գիտելիքներն ու հմտությունները: Չորրորդ փուլում մասնակիցները ներկայացրին բնագիտական տարազներ՝ առաջացնելով մեծ հետաքրքրություն և հիացմունք: Հաղթողի տարազը՝ աշխարհագրության մոդելն էր՝ կախված քարտեզից:
 
Մրցույթը նուրբ հումորով և ճաշակով վարեցին հինգերորդ դասարանի երկու աշակերտներ, ովքեր իրենց անմիջականությամբ ու ժպիտով վարակեցին թե՛ հանդիսատեսին և թե՛ ժյուրիին:
 
Առարկայական թիմերից ժյուրին ընտրեց մեկական թեկնածու տիտղոսին արժանանալու համար: Ի վերջո հաղթեց 7-րդ դասարանի աշակերտ Էրիկ Ասլանյանը՝ արժանանալով «Միստր բնագիտություն-2014» տիտղոսին: Թագը հանձնեց «Միսա բնագիտություն-2013»-ը, ով իր ներկայությամբ գեղեցկություն և նոր գաղափարներ շռայլեց հանդիսատեսին: 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.