News

Գիրքը մարդկային հոգու ամենամաքուր էությունն է

Educational 2014-02-21

Գիրք նվիրելու օրը Բյուրեղավանի հիմնական դպրոցի II «ա» դասարանի աշակերտները իրենց ուսուցչուհու` Թեհմինե Հայրապետյանի հետ միասին որոշեցին գնալ Խնկո-Ապոր անվան մանկական ազգային գրադարան, որից հետո` Հովհաննես Թումանյանի տուն – թանգարան, բայց ամենահետաքրքիրն այն էր, որ աշակերտներն իրենց էքսկուրսիան սկսեցին հենց դասարանից` ներկայացնելով գրքի նշանակությունը մարդու զարգացման կյանքում, ինչպես նաև մեծանուն բանաստեղծի` Հովհաննես Թումանյանի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը:
Նրանք տեղեկացված դուրս եկան դասարանից: Ուսուցչուհի Թ. Հայրապետյանը որպես կրծքանշան ընտրել էր Հ. Թումանյանի դիմանկարը, որը հպարտությամբ էին կրում երեխաները: Նրանք գիտեին, որ 145-ամյա բանաստեղծը գրել է և° մեծերի, և° փոքրերի համար, քաջատեղյակ էին և° պատմվածքից, և° հեքիաթից, անգամ գաղափար ունեին «Վերնատան» աշխատանքներից: Նրանք և° Թումանյանին, և° Խնկո – Ապորը դասում էին նույն հավասարության վրա, քանզի այլ կերպ մեկնաբանել չէին կարող:
 
Ուղևորվելով Խնկո – Ապոր անվան գրադարան` երեխաները տեսան ու զգացին ընթերցանության շունչը, հասկացան, որ մտքի համար ընթերցանությունը նույնն է, ինչ մարմնի համար ֆիզիկական աշխատանքը: Երաժշտական սրահում ակտիվ ներկայացրեցին հայ կոմպոզիտորներին, երգեցին երգեր, տարբերակեցին երաժշտության տեսակները: Հեքիաթների սրահում Իսկուհի հեքիաթասաց մորաքրոջից լսեցին «Եդեմական ծաղիկը» հեքիաթը, իսկ խաղասրահում մասնակցեցին մաթեմատիկական խաղին, այնուհետև դիտեցին «Ոզնին ու փուչիկը» մուլտֆիլմը:
 
Ահա այսպես հագեցած տպավորություններով էքսկուրսիան շարունակվեց դեպի Հ. Թումանյանի տուն-թանգարան: Աշակերտների համար ամեն ինչ շատ հետաքրքիր էր: նրանք բազմաթիվ հարցեր էին հղում գիտաշխատողին ու ստանում սպառիչ պատասխաններ: Հասկացան, որ մարդու ճշմարիտ կոչումը ապրելն է, ոչ թե գոյություն ունենալը:
 
Թումանյանն այն մարդկանցից էր, ով արժանացավ այդ կոչմանը` շրջանցելով դարն ու դարեր շարունակ կապրի իր ստեղծագործություններով…
 
Իսկ մեր աշակերտներն իրենց հիշողությունների մեջ ավելացրին ևս մեկ օր, քանի որ նրանց կարծիքով մարդն առանց հիշողության վերջացած մարդ է:
 
Էքսկուրսիան ավարտվեց դասվար Թ. Հայրապետյանի կողմից պատրաստված շնորհակալագրերի հանձնմամբ Խնկո – Ապոր անվան մանկական ազգային գրադարանի և Հ. Թումանյանի տուն – թանգարանի անձնակազմին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.